Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ուղերձը արցախահայությանը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սրտանց շնորհավորում է Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդին և ողջ հայությանը Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի առիթով։
Ադրբեջանից անկախ՝ ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ օրինական ճանապարհով ձևավորված Արցախի Հանրապետությունը վերստին դժվարին ժամանակներ է վերապրում։ Օգտվելով Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքից, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձ է անում վերջնական նպատակին հասցնել իրենց զավթողական քաղաքականությունը։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից, նրա միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող ինքնիշխան սուբյեկտի կարգավիճակը և կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին հետևել մեր օրինակին, դրանով իսկ նաև ապահովելով հայ հասարակայնության մեծածավալ աջակցությունը արցախահայությանը։ Համոզված ենք՝ սա անհրաժեշտ իրավական հանգրվանն է Մայր Հայրենիքի հետ վերամիավորվելու ճանապարհին։
Միաբան, հավաքական ուժերով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։ Հայոց երկու պետականությունները սասանված, բայց վճռական պիտի կերտեն միացյալ հայկականության երազը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ