Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP-2022) շրջանակներում (օգոստոսի 29 – սեպտեմբերի 3) Հայ-Ռուսական համալսարանում «Բարձր ինտենսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսների գեներացում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Նոբելյան մրցանակակիր, «StarmusVI» միջազգային փառատոնի հրավիրյալ մասնակից, մեծանուն ֆիզիկոս Դոննա Սթրիքլենդը:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը և ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Հայ-Ռուսական համալսարանում։ Դուք ֆիզիկայի գծով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն եք, որին պատիվ ունենք հյուրընկալել մեր համալսարանում․ առաջինը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովն էր, որը 2011թ․ հոկտեմբերի 11-ին ՀՌՀ-ում հանդես էր եկել «Կիսահաղորդիչների հեղափոխությունը 21-րդ դարում» թեմայով դասախոսությամբ»,- նշել է Հայկ Սարգսյանը։
Դասախոսության ավարտից հետո հանդիպմանը ներկա ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց հարցերը ուղղեցին պատվավոր հյուրին։
Կարդացեք նաև
Հայ-Ռուսական համալսարանում և Երևանի պետական համալսարանում ընթացող Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի մասնակիցներին առկա և առցանց ձևաչափերով դասախոսություններ են կարդացել Ռուսաստանի և մի շարք եվրոպական երկրների մասնագետները:
Նշենք, որ «StarmusVI» միջազգային փառատոնի (սեպտեմբերի 5-10) շրջանակներում, որի գործընկերներից է նաև Հայ-Ռուսական համալսարանը, մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները դասախոսություններ են կարդալու ՀՌՀ-ում:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՌՀ-ում կայանալու է աստղաֆիզիկոս, մոլորակագետ և Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի Բոլդեր գրասենյակի տնօրեն Ջոել Պարկերի դասախոսությունը, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ֆիզիկոս, Նյու Մեքսիկոյի համալարանի հրավիրված դասախոս Մարկ Բոսլոունինը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կլիմայագիտության դասախոս, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի հատուկ հրավիրյալ գիտնական, Լոնդոնի կլիմայական փոփոխությունների համագործակցության կազմակերպության ղեկավար Քրիս Ռափլինինը։ Դասախոսությունների աշխատանքային լեզուն անգլերենն է։
Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայություն