«Սա այն կարևոր փաստաթղթերից մեկն է, որն ավելանալու է մեր ապացուցողական բազային: Այս փաստաթուղթը ավելի է ամրապնդելու Հայաստանի դիրքորոշումը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում եւ օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի (CERD) հրապարակած՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին:
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի կոմիտեի ձևակերպած դրույթներն ազդեցություն են ունենալու այն իրավական գործընթացների վրա, որոնք ընթանում են ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի դատական գործով: Նա այս առիթով մանրամասնեց. «Հիմնականում կոմիտեի կողմից ներկայացված եզրափակիչ դրույթներն ուղղակիորեն վկայակոչում են այն երեք բաղադրիչները, որոնք հրատապ միջոցի քննարկման փուլում ՀՀ կողմից ներկայացվել էին: Դրանք են հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն, այդ թվում քաղաքացիական անձանց, պատմամշակութային կոթողների վանդալիզմի դեպքերի բացահայտում, վերացում և հայատյաց քաղաքականության վերացում»:
Քրիստինե Խանազադյանը կարևորեց նաև ՄԱԿ-ի կոմիտեի կողմից փաստաթղթի ընդունման ժամանակահատվածը ու նշեց. «Հայկական կողմը պատրաստվում է ներկայացնել հայցադիմում համապատասխան բովանդակությամբ, որի ժամկետ է սահմանված հունվարի 23-ը: Կարևոր է, որ կոմիտեի կողմից ևս մեկ անգամ հաստատվել են բոլոր այն փաստարկները, որոնք ներկայացվել էին նախնական դիմումում, հրատապ միջոցի քննարկման փուլում և հիմա, երբ ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացվելու ՀՀ կողմից»:
Անդրադառնալով կոմիտեի անդամների հետ շփումներին և Ադրբեջանի վարքագծին՝ Քրիստինե Խանազադյանը նշեց, որ նույնիսկ կոմիտեի անդամներից մեկը մի քանի անգամ շեշտել է այն հանգամանքը, որ ադրբեջանական պատվիրակությունը բավականին բարձր մակարդակով է ներկայացված առաջին անգամ պատմության մեջ և ասել, որ սա աննախադեպ է, քանի որ շուրջ վեց նախարարությունների ներկայացուցիչներ են ներկայացված եղել. «Սակայն փոխանակ անդրադառնան այն բոլոր զեկույցներին, որոնք իրենց կողմից հրապարակվել էին, իրենք հայելային ձևով փորձում էին ներկայացնել, թե իբր ՀՀ կողմից ինչ խախտումներ են իրականացվում»:
Կարդացեք նաև
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը տեղեկացրեց՝ հրապարակվել են առնվազն 11 զեկույցներ, որոնցից ընդամենը մեկն է ներկայացվել ադրբեջանական ՀԿ-ի կողմից: Մնացած բոլորում բարձրաձայնվել են հայերի նկատմամբ կատարված խախտումների վերաբերյալ՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո. «Ի տարբերություն նախորդ փուլերի, այս տարի հայերի նկատմամբ ատելության խոսքը, խտրականության դրսևորումն առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել կոմիտեի անդամների կողմից: Թեև զեկույցի ժամանակահատվածը 2016-2019-ն է, բայց հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել դրանից հետո, կոմիտեն առանձին հարցադրումներ է ուղղել Ադրբեջանին հենց 2020-ին և դրանից հետո կատարվածի մասին: Մեր կողմից բարձրացված բոլոր խախտումները տեղ են գտել եզրահանգումներում, և առանձնակի մտահոգություն է հայտնել կոմիտեն հենց այդ խնդիրների վերաբերյալ: Դրանցից էլ սկսում է զեկույցը: Թեև ամեն կերպ Ադրբեջանը փորձում էր մոլորեցնել կոմիտեի անդամներին իր կատարած գործողությունների վերաբերյալ, սակայն կոմիտեի անդամները կարողացել են արձանագրել այն խնդիրները, որոնք առկա են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի