Լրահոս
Օրվա լրահոսը

Մթնոլորտային օդի աղտոտվածությունը մահացության առաջատար պատճառներից է. Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 02,2022 17:03

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը:

Օդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից. այսօրվա հրապարակումը նվիրված է մթնոլորտային օդի աղտոտվածությանը և դրա առողջապահական վտանգներին:

Կլիմայի փոփոխությունը, որին արդեն անդրադարձել ենք, և մթնոլորտային օդի աղտոտվածությունը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ կլիմայի փոփոխության շարժիչ ուժը հանածո վառելիքի այրումն է, որը նաև օդի աղտոտվածության հիմնական պատճառներից է: Գիտակցելով դա, աշխարհի 193 պետության, այդ թվում նաև Հայաստանի կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների թիվ 13 նպատակը կոչվում է «Գործողություն հանուն կլիմայի» և նախատեսում է անհապաղ գործողությունների ձեռնարկում՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, իսկ «Ամուր առողջություն և բարեկեցություն» կոչվող նպատակ 3-ի թիրախներից է՝ մինչև 2030թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի բոլոր պետություններին, թեև առավել արդիական է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը: Այսպես, միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդորում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

Օդում առկա փոշուց, հողից, մրից, ծխից և հեղուկի աննշան կաթիլներից բաղկացած միկրոսկոպիկ մասնիկները կարող են թափանցել թոքեր, անգամ արյուն՝ առաջացնելով արյան շրջանառության և շնչառական համակարգի հիվանդություններ:

Գնահատված է, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով մեր երկրում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 51 մարդ՝ 100.000 բնակչի հաշվով, որը Հարավային Կովկասի պետությունների շրջանում նվազագույն ցուցանիշն է (Վրաստան՝ շուրջ 66, Ադրբեջան՝ շուրջ 56 մահ 100.000 բնակչի հաշվով), սակայն անգամներ բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշներից, օրինակ՝ Դանիայում մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով գնահատված մահերի թիվը կազմում է շուրջ 14՝ 100.000 բնակչի հաշվով, Ավստրիայում՝ շուրջ 15, իսկ Բելգիայում՝ շուրջ 16:

📌Մթնոլորտային օդի աղտոտվածության դեմ արդյունավետ պայքարը հանդիսանում է կառավարությունների և հասարակությունների համատեղ պատասխանատվությունը:

Հաճախ պարզագույն գործողություններով և վարքագծով մենք կարող են էական ներդրում ունենալ մեր և ապագա սերունդների համար առողջ միջավայր ստեղծելու գործում:

🔖Օրինակ, երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարելը, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախելը, աղբի տեսակավորումը, աղբի այրելուց հրաժարվելը, էլեկտրական էներգիան խնայողաբար օգտագործելը շրջակա միջավայրի մասին հոգատար և խնամքով վերաբերմունքի լավ դրսևորումներ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930