Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասելու՝ կներեք ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 02,2022 16:56

«Առաջինը, Ռուբեն Վարդանյանը սանկցիաների մեջ չի։ Ռուբեն Վարդանյանը մինչեւ այսօր աշխատում է, գնում է աշխարհով մեկ՚ Ամերիկա, Ֆրանսիա, ամեն տեղ, ու ոչ մի խնդիր չունի։  Երկրորդ, Ռուբեն Վարդանյանը եթե ուզենար սանկցիաներից գնար, կգնար այլ երկիր, ոչ թե Արցախ, առանց Արցախին նեղացնելու։ Երրորդ, դուք ինձ տվեցիք հարց կապված իմ նկատմամբ սահմանափակումների հետ, ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ անում ենք հայրենիքի համար։ Եթե ունես երկու պետության անձնագիր, չես կարող լինել պաշտոնատար անձ։ Եթե ես հնարավորություն ունենայի ունենալ միայն Արցախի անձնագիր, ես կանեի։ Ես Արցախի անձնագիր ունեմ Հայաստանից ավելի շուտ, 2016 թվականից։ Ես արել եմ, ինձ հեշտ է խոսելը։ Իմ տղան է այստեղ ծառայել, այն ժամանակ կամավոր։ Ես ոչ թե հիմա եմ եկել ու սկսում եմ ինչ-որ բան անել, այլ վաղուց է ամեն ինչ։ Յոթ հարյուր հարսանիքից, որ Լևոն Հայրապետյանը կազմակերպել է, երկու հարյուր երեսուներկու ընտանիքին ես եմ քավոր կանգնել, չորս-հինգ հարյուր երեխա է ծնվել և ես իրենց պահել եմ։ Ես ձեր բոլորի աչքերին կարող եմ հանգիստ նայել, կլինեք գլոբալիստ, ռուսամոլ։ Եթե գլոբալիստը ինձ պես բան է արել՝ հալալ է»,- այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց հայտնի գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով իր անվան շուրջ վերջին օրերին պտտվող ամենատարբեր մեկնաբանություններին եւ պիտակավորումներին։

Հիշեցնենք, երեկ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախում բնակություն հաստատելու մասին, ինչին տարբեր մեկնաբանություններ հետեւեցին համացանցային տիրույթում:

«Չորրորդը, նորմալ է, որ դուք ինձ չեք հավատում, լրագրողների գործն ամեն ինչը կասկածի տակ դնելն է, բայց հասարակ արցախցին պիտի հավատա, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ է։ Ես տեղ չեմ թողել չհավատալու, չեմ նեղացրել, պաշտոն չեմ վերցել, առաջարկ չեմ ստացել, պլաններս չեմ փոխել։ Ես արել եմ ու հայտարարել եմ, կարող էի չհայտարարել, հայտարարելու բան չէ, բայց ես հայտարարել եմ, որ իմանաք, որ ես ռուբիկոնն անցել եմ։ Ես գիծն անցել եմ ու հետ չեմ գնալու։ Ես դա արել եմ հասկանալով, որ պիտի ցույց տամ, որ ես գիծն անցել եմ։ Հիմա կստացվի թե չէ, դա այլ հարց է, ամեն ինչ հնարավոր է, բայց ես հետ չեմ գնալու։ Ես չեմ ասելու՝ կներեք, ժողովուրդ, Մոսկվայում կարևոր գործեր ունեմ, Պուտինի հետ պիտի հանդիպեմ, պիտի գնամ։ Ես ոչ ռուսական անձնագիր ունեմ, ոչ անգլիական։ Սա ձեր համար չի, սա նրա համար է, որ հասարակ քաղաքացին զգա, որ ինքը մենակ չի, որ եթե էս մակարդակի մարդն եկել ու ասում է, որ իրենց հետ է, ուրեմն իրենք մենակ չեն։ Այս օրերին ինձ այնքան մարդիկ են մոտեցել պարզապես ժպտալով, պարզապես զգալով, որ մենակ չեն, դուք չեք պատկերացնի այդ պոզիտիվը»։

Խոսելով «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով իր քաղաքական հավակնությունների իրացման մասին էլ, բանախոսն ասաց. «Մենք հիմա 21-րդ դարում ենք, ինչո՞ւ ենք խոսում կուսակցություններից ու արհմիություններից, որոնք 20-րդ դարում շատ կարևոր էին։ Կուսակցությունը գաղափար է ինչպես զարգացնել երկիրը, քաղաքականությանը մասնակցել։ Հիմա Հայաստանում կա 92 կամ 93 կուսակցություն։ Թող մեկն ինձ ասի, թե ի՞նչ տարբերություն կա նրանց գաղափարներում, բացի նրանից, որ բոլորն ուզում են բարգավաճ լինեն, զարգանան։ Ի վերջո բոլորը հանգում են նույն բանին, որ պիտի հարուստ լինենք, երջանիկ լինենք և անվտանգություն ունենանք։ Մի քանի կուսակցությունների տարբերությունը Ռուսաստանին կողմ կամ դեմ լինելն է, ու վերջ։ Նույնիսկ Արցախի հարցում այդքան տարբերություններ չկան։

…Նորից ընկնում ենք պաշտոն ստանալու թեմայի մեջ, կուսակցության ղեկավար լինելը, պաշտոն ստանձնելը շատ երկրորդական բաներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Վարդանյանը հստակ պատասխան չտվեց իր քաղաքական հավակնությունների մասին Aravot.am-ի հարցին:

Ավելի ուշ, նույն հարցի առնչությամբ, ասաց, որ հանուն հայկական պետությունների, չի բացառում իր՝ Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը:

«Ես էն զինվորն եմ, որ եկել եմ իմ հայրենիքը պաշտպանելու»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք հիմա մի նոր Սարդարապատի առջև ենք կանգնած, և Սարդարապատի ժամանակ չէին հարցնում՝ դու գալի՞ս ես մեր հայրենիքը պաշտպանելու, թե՞ չես գալիս. «Հիմա, ինձ թվում է՝ այս իրավիճակում ամենակարևորն այն է, թե ով է այստեղ պատրաստ հայրենիքը պաշտպանելու։ Երկրորդը, եթե Դուք ուզում եք իմանալ, թե ով է Ռուբեն Վարդանյանը, պետք չէ կարդալ տարբեր բաներ, պետք է նայել՝ Ռուբեն Վարդանյանը այս վերջին քսան տարվա մեջ ինչե՞ր է արել՝ գլոբալիստական, ռուսամոլ, ռուսաֆոբ, որովհետև, ի վերջո, մենք՝ բոլորս, գնալու ենք, մարդու գործերն են մնալու։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ այն 700 պրոյեկտը, որը ընդունված է, Դուք կարող եք ասել՝ գիտե՞ք, պարոն Վարդանյան, էս պրոյեկտները լավը չեն, կամ էս պրոյեկտներով Դուք օգնել եք գլոբալիստական շարժմանը։ Ես հայրենասեր հայ մարդ եմ, որը երազել է ու ամեն ինչ արել է, որ Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ և անկախ երկիր։ Իսկ էդ անուն կպցնելը՝ «Թաթար Ռուբո», «ռուսաֆոբ», էդ սաղ խաղեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Վարդանյանը խոսեց նաեւ Արցախի զարգացման իր պատկերացումների եւ հնարավորությունների մասին:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930