«Որպես անձ ճանաչում եմ, նորմալ զինվորական է»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը վերաբերվող հարցին:
Միքայել Արզումանյանը մեղադրվում է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար: Կարեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել Շուշին հանձնելու վերաբերյալ լրագրողների հարցերին՝ ասելով, որ այդ հարցերն իր իրավասության ոլորտից չեն եւ ինքը տեղեկություններ չունի: Իբրեւ քաղաքացի, ևս չցանկացավ տեսակետ հայտնել այդ եւ հետպատերազմյան այլ իրադարձությունների մասին:
Խոսեց իր իրավասության ոլորտից՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մասին եւ պատասխանելով հարցին՝ որոշակի անվտանգության երաշխիքներ ստացե՞լ են Ադրբեջանից, որ այդ ճանապարհն անվտանգ է լինելու, ասաց. «Այդ հարցն ուղղված է խաղաղապահ զորքերի ղեկավարությանը, ես ոնց կարող եմ այդ հարցերին պատասխանել, ես միայն ներքին անվտանգության մասին կարող եմ խոսել»:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, որ Արցախում մարդիկ հույս են կապում Ռուսաստանի հետ եւ առավելապես ցանկանում են ՌԴ-ին միանալ, Կարեն Սարգսյանն ասաց. «Մենք այստեղ ապրելով՝ Արցախը պետք է լինի հայեցի, ոչ մեկի հետ հույս չենք կապում: Իսկ Հայաստանի հետ խնդիր չենք տեսնում, մենք միասնական ենք: Իմ ոլորտի մասով կարող եմ ասել, որ Հայաստանի իմ կոլեգաների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, ինչի համար շնորհակալ եմ: Կարծում եմ՝ ամեն բան լավ է լինելու, եթե լինենք միասնական»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ