Լրահոս
Օրվա լրահոսը

«Տապչկա է՝ տառականի չափի համար մահացու գործիք»․ Արթուր Սաքունցը պնդեց, որ «տառականի պես սատկացնել»-ը բռնության կոչ է

Սեպտեմբեր 02,2022 16:03

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա դատարանին հայտնեց, որ Նարեկ Մալյանը ոչ միայն գրառումներով, այլեւ իր գործողություններով իրավապաշտպանների հանդեպ հնչեցրել է բռնության, ատելության խոսք, հարուցել թշնամանք՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր։ «Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի առաջ կարմիր ներկով արյան ցուցադրում է արել, ասել, որ իրավապաշտպաններն ազգի դավաճաններ են, որոնց պետք է սպանել, ազատազրկել․․․մինչեւ 2018թ․-ը մեր մասին կրկին եղել են ատելության խոսքի գրառումներ, շարունակվել նաեւ հեղափոխությունից հետո։ Տեսանյութեր կան, որ մի ամբողջ պատ էր սարքել այսպես կոչված «սորոսականների», որի վրա նաեւ իմ նկարն էր՝ որպես ազգի թշնամի։ Սա մեկ օրվա դեպք չէ, այլ շարունակական գործընթաց»,-նշեց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ 2021թ․-ի ընթացքում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Նարեկ Մալյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը: Խոսքը 2021թ․-ին Մալյանի կազմակերպած՝ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման մասին է։ Բացի այդ, նա իր գրառումներով եւս հնչեցրել է բռնության կոչեր մի շարք անձանց հանդեպ, որոնց համարում է գործակալական ցանցի անդամներ եւ որոնց նկարները փակցրել է իր գրասենյակի պատին։

Մալյանի «ֆեյսբուքյան» գրառումներին անդրադառնալով՝ Արթուր Սաքունցը նշեց, որ նա գրել է՝ սրանց պետք է վերացնել, սրանք ՀՀ-ում չպետք է լինեն․ «Հնչեցրել է սպառնալիքի խոսք այն իրավապաշտպանների հասցեին, որոնք համագործակցում են հիմնադրամի հետ։ Բայց միայն հիմնադրամի հետ չէ, որ մենք գործակցում ենք, աշխատում ենք սահմանադրությանը համապատասխան։ Երկու գրառումներ կան, բովանդակությամբ՝ Սորոսի գրասենյակը շուտով փակվելու է, իսկ Սորոսի վաստակներին պետք է տապչկեքով սատկացնել տառականների նման․․․մյուսը Ֆրանսիայում համաշխարհային պատերազմից հետո կատարված դեպքի մասին է, որի ժամանակ նացիստական ռեժիմի հետ գործակցած կանանց հանդեպ բռնություններ եղան։ Նրանց սափրում էին, ստորացնում, տանում փողոցներով։ Գրել էր, որ «սորոսի վաստակների» հանդեպ եւ նրանց ընտանիքների անդամների հանդեպ նույնը պետք է անի, երբ իշխանությունը վերցվի։ Տառականների պես սատկացնելու ձեւակերպումն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ ֆիզիկական հաշվեհարդարի երեւույթ»։

Ապա Արթուր Սաքունցին կողմերը հարցեր ուղղեցին։ Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հետաքրքրվեց՝ անձնական վերաբերմունք ունե՞ք Մալյանի հանդեպ, ծանո՞թ եք։ Արթուր Սաքունցը բացասական պատասխան տվեց․ «Միայն գործողությունները՝ կեղծիք, մանիպուլյացիա, կարող եմ գնահատել։ Դրանք անթույլատրելի են ժողովրդավարական պետությունում եւ անթույլատրելի են մարդու իրավունքների հանդեպ»։

Տիգրան Աթանեսյան-Սորոսի վաստակներ», «սորոսականներ» արտահայտություններն ինչպե՞ս եք բացատրում, ձեզ վերագրո՞ւմ եք։

Արթուր Սաքունց-Նման բնույթի որակումներ ինձ չեմ վերագրում, բայց արձանագրում եմ, թե որակումներ անողն ում նկատի ունի՝ բոլոր նրանց, ովքեր համագործակցում են հիմնադրամի հետ։

Տիգրան Աթանեսյան-Ո՞ր անձանց մասին է խոսքը, կարո՞ղ եք թվել։

Արթուր Սաքունց-Այդ ցանկը կա Նարեկ Մալյանի պատին։ Բայց նրանց նկարները, որոնց հետ նա համագործակցում է, եւ որոնք նույնպես համագործակցում են հիմնադրամի հետ, այդ պատին չկան։

Տիգրան Աթանեսյան-Այդ գրառումներում ինչո՞ւ եք սպառնալիք տեսել։

Արթուր Սաքունց-Արտահայտությունների մեջ եմ տեսել՝ «տապչկեքով» սատկացնելու։

Տիգրան Աթանեսյան-«Տառականներին տապչկեքով» սատկացնելը համարել եք ձեզ սպառնալի՞ք։

Արթուր Սաքունց-Դե․․․երբ պատին նման նկարներ ես տեսնում եւ արտահայտություններ, որոնք բռնություն են ենթադրում․․․

Տիգրան Աթանեսյան-«Տառականների» հանդե՞պ։

Արթուր Սաքունց -Կապ չունի, բռնություն է։ «Տապչկան» օգտագործվում է սատկացնելու համար, մարդկանց էլ․․․Խոսքը բռնություն նկարագրող եւ բռնություն ենթադրող գործողության մասին է, որը պետք է կիրառվի «սորոսականների» հանդեպ։

Տիգրան Աթանեսյան-«Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտից հետո նացիստների հետ կենակցած կանանց պատժի գործողությունը պատմական փաստ է, որը չի հետաքննվել, որովհետեւ համարվել է արդար գործողություն։ Այդ կանանց հանդեպ տեղի ունեցածն ինչո՞ւ եք բերում Հայաստան, ինչո՞ւ եք վախենում, դրա սպառնալիքը ո՞րն է։

Արթուր Սաքունց-Որպես օրինակ է այն բերվում, որ կիրառվելու է ներկա իշխանության հետ համագործակցածների հանդեպ։ Եվրոպայի խորհուրդը ավելի ուշ է հիմնադրվել, եւ եթե ձեր ասած ժամանակ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան լիներ, միանշանակ, այդ անձանց հանդեպ գործողությունները համարվելու էին անթույլատրելի։ Օրինակ է բերվել պատմական պահ, որի գործողություններն անձանց հանդեպ ցանկանում են կիրառել նաեւ ՀՀ-ում։ Թիրախավորվող մարդիկ պարոն Մալյանի կողմից ակնհայտ են։ Սա բռնության կոչ է, որը փաստում է գործողության՝ անվերապահորեն իրականացման մասին։

Տիգրան Աթանեսյան-Ներողություն եմ խնդրում բոլորից, բայց հարցս ձեր պատասխանից է բխում։ Պարոն Սաքունց, դուք ազգի դավաճա՞ն եք։

Արթուր Սաքունց-Ոչ։

Տիգրան Աթանեսյան-Բա էլ ինչի՞ եք վախենում։ Այդ կանայք ի՞նչ կապ ունեն ձեր հետ, եթե դուք ազգի դավաճան չեք։

Արթուր Սաքունց-Խոսքը գործողության նկարագրության մասին է, եւ գրառման մեջ ասվում է, որ դրանք իրականացվելու են նաեւ այլ անձանց հանդեպ։ Մինչդեռ դատարանը միայն կարող է որոշել անձի մեղավորությունը։

Տիգրան Աթանեսյան-Այդ կանանց սափրում էին, որ զրկեն գեղեցկությունից, մարմիններին սվաստիկա նկարում։ Այդ գործողությունները ձեր համար ի՞նչ սպառնալիք են։

Արթուր Սաքունց-Եկեք մանիպուլյացիայով չզբաղվենք։

Տիգրան Աթանեսյան-Հիմնադրամը որտեղի՞ց է ֆինանսավորվում։

Արթուր Սաքունց-Դա փաստ է եւ արձանագրված է հիմնադրամի կայքում, չնայած դա այս գործի հետ կապ չունի։

Տիգրան Աթանեսյան-Դուք որտեղի՞ց եք ֆինանսավորվում։

Արթուր Սաքունց-Չեմ պատասխանում այդ հարցին։

Դատավորը հանել տվեց հարցը։

Նարեկ Մալյան-հնարավո՞ր է, որ դուք ձեզ ասոցացնում եք ազգի դավաճանի հետ, որովհետեւ կազմակերպությունը, որից ֆինանսավորվում եք, օֆշորում է գրանցված, եւ շատ հավանական է, որ դուք ստանում եք Էրդողանի եւ Ալիեւի փողերը։

Արթուր Սաքունց-«Բացարձակ մտահոգ չեմ նման կեղծիքով եւ ստով։ Սովոր եմ, քանիցս շարունակաբար կեղծիքներ են ասել։

Դատավոր-«Տապչկով տառականի նման սատկացնել» արտահայտությունը ես կարող եմ տարբեր կերպ ընկալել՝ բռնության կոչ, վիրավորանք, չափազանցություն։ Դուք ինչո՞ւ եք հենց բռնության կոչ որակում սա։

Արթուր Սաքունց-Բառը «սատկացնելն» է։ Տառականի հանդեպ գործիքը ոչ թե գնդացիր է կամ հրետանի, այլ «տապչկա՝ տառականի» չափի եւ տեսակի համար մահացու գործիք։

Դատավոր-Դուք դա բռնությո՞ւն եք համարում։

Արթուր Սաքունց-Այո, ուրիշ էլ ի՞նչ։ Մարդու համարժեքը կարող է լինել հրազեն։

Արթուր Սաքունցի հարցաքննության ավարտին Նարեկ Մալյանը հայտարարեց՝ նա սուտ է ասել, երբ պնդել է, թե իր հանդեպ անձնական վերաբերմունք չունի․ «2016թ․-ին, երբ ես ոստիկանապետի խորհրդական էի, Սաքունցը Վանաձորում հաղորդում է տվել այն մասին, որ ինչ-որ «ֆեյք» իրեն սոցցանցում բաներ է գրել։ Ասել է, թե այդ «ֆեյքը» ես եմ։ Ինձ հարցաքննել են։ Ասել եմ, որ աչքին բաներ են երեւում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930