Օրերս երգչուհի Տաթև Ասատրյանը իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում կիսվել էր YouTube-ում 100.000 հետևորդ ունենալու առթիվ YouTube-ից ստացած իր հատուկ մրցանակով: Մենք որոշեցինք այս առթիվ շնորհավորել Տաթևին և մի քանի հարց ուղղել նրան:
–Ողջույն Տաթև:
-Ողջույն:
-Տաթև, դու մեր երիտասարդ սերնդի երգչուհիներից ես, ակտիվ գործունեությամբ զբաղվում ես 4-5 տարի, բայց արդեն ունես 100.000 հետևորդ YouTube երաժշտական պորտալում, որտեղ հետևորդներ ունենալն անհամեմատ ավելի բարդ է, քան այլ սոց. ցանցերում:
Ինչպես կբացատրես այս քեզ համար հաճելի երևույթը:
-Իմ կարիերայի սկիզբը եղել է Հայաստանի Ձայնը հեռուստանախագիծը, բայց ավելի ակտիվ գործունեությամբ սկսել եմ զբաղվել 5 տարի առաջ, երբ հաղթող ճանաչվեցի «Ամենակարող երգիչ» հեռուստանախագծում, հանրային հեռուստատեսության եթերում, և կարելի է ասել այդտեղից էլ սկսել եմ ավելի հայտնի դառնալ լայն լսարանի մոտ:
Կարդացեք նաև
Ինչ խոսք, այո, ես երիտասարդ երգչուհի եմ, բայց ի ուրախություն ինձ այս տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչված կամ գուցե սիրված (ծիծաղում է) դառնալ, որի համար ես շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Իսկ YouTube-ի հետևորդներ, այո դուք ճիշտ եք, ավելի դժվարությամբ են, այսպես ասած, հավաքվում, որովհետև այստեղ մարդիկ պետք է իրոք սիրեն քո երգերը և սպասեն նորերին, ու այդ պատճառով էլ բաժանորդագրվեն ալիքին, որպեսզի նորությունները բաց չթողնեն, առաջինը տեղեկանան:
Շատ պարտավորեցնող է, երբ գիտես 100.000 մարդ սպասում է քո նոր գործին:
-Այդ դեպքում ի՞նչ նոր գործեր ես պատրաստում հետևորդների համար և արդյոք ունե՞ս ժամանակացույց, որով առաջնորդվում ես, օրինակ՝ ամեն տարի՝ նոր տեսահոլովակ, ամեն 6 ամիսը մեկ՝ նոր երգ և այլն:
-Բավականին մեծ նոր նախագծեր ունենք, որոնց վրա աշխատանքներն արդեն սկսված են: Մեկը դուետ է, փակագծերը չեմ բացի, թե ում հետ, բայց ասեմ, որ սիրահարված եմ այդ երգին և սա իմ առաջին զուգերգն է, այդ պատճառով անհամբերությամբ սպասում եմ, թե երբ մեր թիմը կկարողանա վերջին հասցնել այդ աշխատանքը: Հուսամ դա շուտ կլինի, և իմ հետևորդները շատ կսիրեն այդ երգը:
-Ի՞նչ ասել է թիմ, ովքե՞ր են քո թիմի ներկայացուցիչները:
-Իմ թիմն ինձ համար մի փոքրիկ ընտանիք է, որտեղ էլ ծնվում են մեր բոլոր աշխատանքները, երգերը, որտեղ բոլորս լսում և հարգում ենք միմյանց կարծիքները, շատ երկար քննարկում ենք և ի վերջո որոշում ենք կայացնում այն ժամանակ, երբ բոլորս համակարծիք ենք լինում:
Հիմնականում մենք աշխատում ենք 3-ով, ես, մեր պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանը և երաժշտական մասի ղեկավար Գուրգեն Գասպարյան, որն ավելի հայտնի է որպես Գուրո Գասպարյան:
Նարեկի վրա նաև թողնում ենք կազմակերպչական բարդ աշխատանքները, նա մեզ ազատում է այդ ծանր և հոգնեցնող գործերից, իսկ Գուրոն զբաղվում է ամբողջ երաժշտական կազմակերպչական մասով: Շատ հաճելի է, որ նա կարողանում է զբաղվել իմ բոլոր ժանրերի երգերով` և´ ժողովրդական, և´ ժամանակակից: Կենդանի նվագակցությամբ իմ բոլոր համերգները առաջնորդում է Գուրո Գասպարյանը: Երիտասարդ տարիքում այդքան մեծ բենդերի ղեկավարումը, ինչ խոսք, խոսում է նրա մեծ շնորհքի մասին:
Ի դեպ, վերը նշած դուետը, որի վրա մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք, ամբողջությամբ Գուրոյի ստեղծագործությունն է:
-Դե փաստորեն մեզ մնում է մինչև երգի պրեմիերան գուշակել դուետի մյուս արտիստի անունը և սպասել ձեր այդ նոր երգին: Անպայման կհետևենք երգի արձագանքներին, որը գուցե ձեզ նոր հետևորդներ բերի սոց հարթակներում կամ նույն յութուբում:
⁃ Հուսով եմ, որ հենց այդպես էլ կլինի ու մի օր էլ ես կստանամ Youtube-ի մրցանակի Ոսկե տարբերակը, որին արժանանում են, երբ 1 մլն հետևորդ են ունենում🙂
Ա. Հակոբյան