Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ նոր համերգաշրջանի, ՏՏ ոլորտի և Ալեքսանդր Եսայանի հետ համագործակցության մասին

Սեպտեմբեր 02,2022 15:24

Սեպտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանի մեկնարկը։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին խոստանում է հագեցած համերգաշրջան՝ փառատոներ, համերգային երեկոներ, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների ելույթներ, նոր նախագծեր։ Նախատեսված են մի շարք հյուրախաղեր, որոնց ընթացքում, ինչպես միշտ, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով 17 տարիների աշխատանքին, ընդգծում է, որ այս ընթացքում իրականացրել են այն, ինչ երիտասարդ երաժիշտները ժամանակին իրենց չէին կարող թույլ տալ անգամ երազել։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ 17 տարի առաջ, երբ առաջին բեմելն էր, նույնիսկ չէին պատկերացնում համերգաշրջանի մասին։ Սակայն 17 տարի առաջ սկիզբ դրվեց մի ճանապարհի, որը փոխեց նվագախմբի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց կյանքը։

Նվագախմբի ղեկավարը նշում է, որ այսօր ունենք երիտասարդ, բայց շատ ամբիցիոզ նպատակներով մի կոլեկտիվ, որը միջազգային ասպարեզում հաստատել է իր տեղը, և առաջիկա տարիները պետք է ուղղված լինեն այդ տեղն ամրապնդելուն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է բազմաբովանդակ երկացանկ՝ պոպուլյար դասականից, մինչև շատ բարդ դասական ու ժամանակակից երաժշտություն։ Նվագախումբը հանդես է նաև բազմաթիվ նորարարական ծրագրերով։ Դրանցից է, թերևս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը։ Նախորդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվեց պատվավոր խորհուրդ, որի նախագահն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են մի շարք հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ։ Մաեստրո Սմբատյանը նշում է, որ ՏՏ ոլորտի և Ալեքսանդր Եսայանի հետ համագործակցությունը մեկնարկեց 2019 թվականին, երբ Հայաստանում անցկացված տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի շրջանակում կայացավ WCIT համաշխարհային նվագախմբի համերգը, որի ընթացքում ներկայացվեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

«Կարևորում և բարձր եմ գնահատում նվագախմբի համագործակցությունը Ալեքսանդր Եսայանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեր ընկերների հետ։ Ուրախ ենք, որ կան մարդիկ, որոնց հետ կարող ենք կիսվել մեր ծրագրերով, և որոնք օգնում են մեզ դրանք կյանքի կոչելու գործում։ Համագործակցության սկզբից ևեթ հասկացանք, որ կա ընդհանուր քիմիա ՏՏ աշխարհի ու նվագախմբի միջև։ Այդ ընդհանուր քիմիան էլ մեզ ուղղորդեց ստեղծել պատվավոր խորհուրդը։ Կարծում եմ՝ երաժշտությունը, որ ժամանակից դուրս է, և ՏՏ աշխարհը, որ մեզ դեպի վաղը տանող գլխավոր ուժն է, կարող են շատ արդյունավետ համագործակցել, ունենալ ապագա։ Հպարտ եմ, որ շատ կայացած մարդիկ, ընկերություններ կանգնած են կոլեկտիվի կողքին և մեր հաջողությունների ուղեկիցն են, ինչի շնորհիվ շատ շուտով կկարողանանք խոսել նվագախմբի ավելի մեծ երազանքների իրականացման մասին»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930