Օգոստոսի 31-ին Վեդիում հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառների վերաբերյալ Վեդու ավագանու անդամ Ռաֆիկ Անդրեասյանը մանրամասներ չգիտի, ինքն էլ միջադեպի մասին իմացել է համացանցը ողողած տեսանյութերից:
Բայց թուրք ամուսինների՝ Վեդի այցն ու դրա հետեւանքները ավագանու անդամին չեն զարմացրել այնքանով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են հարեւան թուրքերի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ. «Հանրապետության հրապարակով քայլում ես, ամեն քայլափոխի թուրքի կարող ես հանդիպել: Վեդիում աղմուկ բարձրացավ, որովհետեւ Վեդիի բնակիչների համար անակնկալ էր, բացի այդ էլ վեդեցիները 13.000 դեմ են քվեարկել թուրքերին: Իսկ ՀՀ վարչապետը պարզ ասում է՝ Ազգային անվտանգություն, ապահովեք նրանց անվտանգությունը, մարդիկ էլ թող գան, գնան, էլ ո՞նց ասի: Մի բան է մնում անել, էն որ գրված է ՀՀ կառավարություն, ՀՀ խորհրդարան, այդ ցուցանակները պոկել ու գրել Թուրքիայի մասնաճյուղ կամ Ադրբեջանի բաժնեմաս, դրանով արդեն ամեն ինչ պարզ կլինի, էսքան խժուբժ չի լինի՝ ադրբեջանցին եկավ, թե թուրքը: Պարզ է, որ այդ շենքում այդ մարդիկ են»:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում:
Սիսավանի գյուղապետ Արտավազդ Ղարիբյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ թուրքերին հայ տղաները տեսել են, բորբոքվել են: «Դե հայ տղերք են, բորբոքվել են։ Թուրքը երբ է խմում, որ հարբած լինի։ Էս ինչ աղմուկ է, հիմա որ Թուրքիա գնանք, ի՞նչ, տանք, սպանե՞նք իրար։ Հիմա դե թող գան էլի, խաղաղություն է, լավ»,- ասաց ու անջատեց հեռախոսը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ