«Այս փաստաթուղթը կարևոր է այն պատճառով, որ ի թիվս այլ փաստաթղթերի՝ ևս մեկ անգամ արձանագրում է ոչ միայն հայկական կողմից, այլ միջազգային իրավապաշտպան որոշ կազմակերպությունների կողմից այս ընթացքում արձանագրված խնդիրները և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները: Նաև դատական ատյաններում ընթացող գործընթացներում այն կարևոր է լինելու»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի (CERD) հրապարակած՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներին:
Կոմիտեն արձանագրել է, որ Ադրբեջանը տարիներ ի վեր ռասիզմը դարձրել է պատերազմի պատրաստման և իրագործման գործիք, իսկ հայատյացությանը անդրադարձ է կատարվել հատկապես 2020-ի արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ընկած ժամանակահատվածներում: Գեղամ Ստեփանյանը կարևորեց, որ ՄԱԿ-ի կողմից արձանագրվել է այն ամենը, հիմնական մասը, որը 2020-ի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում կատարվել է, մարդու իրավունքների խախտումները, որոնց վերաբերյալ գրեթե երկու տարվա ընթացքում բազմիցս բարձրաձայնվել են ՄԻՊ գրասենյակների, ՀԿ-ների և տարբեր պետական կառույցների կողմից:
Գեղամ Ստեփանյանը նշեց. «Շատ գոհունակությամբ նշեմ, որ այս հարցում ակտիվ աշխատել են ՀԿ ներկայացուցիչները, ներկայացվել են զեկույցներ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների և ռասսայական խտրականությունների բոլոր ձևերի դեմ արգելքի կոնվենցիայի շրջանակներում արձանագրված խախտումների վերաբերյալ: Այս զեկույցներն են հիմք ծառայել ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի համար ամբողջական պատկերը կազմելու և համապատասխան դիտարկումներն անելու համար»:
Գեղամ Ստեփանյանն ասաց. «Եզրափակիչ դիտարկումներում արձանագրված են հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված հանցագործությունները, խոշտանգումների մասին է խոսվում, այն ամենը, ինչ այս ժամանակահատվածում մենք բազմիցս բարձրացրել ենք՝ կապված մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության հետ: Միաժամանակ նաև եզրափակիչ դիտարկումներում հստակ արձանագրված է, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից դեկտեմբերի 7-ին ընդունված միջոցներին է հղում կատարված և նշված՝ սրա շրջանակներում Ադրբեջանը պետք է տեղեկատվություն տրամադրի, թե ինչ է իրականացվել»:
Կարդացեք նաև
Եզրափակիչ դրույթներում արձանագրված է նաև մշակութային արժեքների դեմ ուղղված վանդալիզմը և հայատյացության խոսքը:
Գեղամ Ստեփանյանը կարևոր համարեց այս փաստաթուղթը հետագայում դատարանում օգտագործելու համար ու նշեց. «Կարևոր արձանագրումներ են այն տեսանկյունից, որ նախորդ տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել եմ, որ բացակայում են այդ մեխանիզմները՝ հատկապես հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում իրականացված հանցագործությունների պարագայում, երբ անպատժելիության իրավիճակ է ստեղծված: Ադրբեջանական կողմը հանցագործությունից հետո որևէ ձևով պատասխանատվության չի ենթարկվում: Ադրբեջանցին հայ սպանելու կամ հայի իրավունքների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվության չի ենթարկվում համապատասխան մարմինների կողմից: Այս առումով հատկանշական է, որ այս զեկույցում այդ ամենը կա: Զեկույցում կան առաջարկություններ՝ ուղղված Ադրբեջանին, որոնք հենց բխում են իրավիճակի նկարագրությունից»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց նաև, որ զեկույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը թույլ տալու հետ կապված հարցն է ամրագրված ու ասաց. «Կարևոր է մշակութային ժառանգության պաշտպանության առումով, և այդ ուղղությամբ ռեալ մեխանիզմների կիրառման վերաբերյալ առաջարկությունն է կարևոր: Կարևոր է նաև ատելության խոսքի, հայատյացության հետ կապված հանրային կամ քաղաքական գործիչների ելույթների մոնիտորինգի վերաբերյալ առաջարկը, անպատժելիությունը վերացնելու կամ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ապահովելուն ուղղված առաջարկությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի