Օրերս Aravot.am կայքում տեղադրվել էր տեղեկություն ոստիկանության ձեռք բերած տվյալների մասին, որ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Գևորգյանը 2018թ. ապրիլի 11-ին համայնքի անունից ձեռք է բերել «Lexus GX 470» մակնիշի մարդատար ավտոմեքենա, սակայն փաստացի ձեռք է բերել իր սեփական կարիքների համար:
Aravot.am-ի հետ զրույցում Մհեր Գևորգյանը (լուսանկարում) ասաց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «Դա ընդամենը զրպարտություն է: Երբ որ 2017 թվականին խոշորացվեց Գյուլագարակ համայնքը, 7 գյուղ միացավ իրար, ես եմ ընտրվել համայնքապետ: Ծառայողական ավտոմեքենա չկար համայնքին: Ավագանու առաջին նիստին առաջարկություն եղավ, որ ավտոմեքենա գնենք: Ավագանին էլ առաջարկեց, որ եթե պետք է առնենք, լավ մեքենա առնենք: Դեմ մարդ չի եղել, բոլորը կողմ են եղել մեքենան գնելու: Եվ տենդեռի պետք է դրվեր, որ մեքենան գնվեր, այդ ժամանակ արդեն իշխանություն փոխվեց: Ներկա մարզպետը, որ այն ժամանակ տեղակալ էր, կանչեց, ասեց, որ ճիշտ չէ, որ այդ մեքենան առնենք: Հետո, որ արդեն համայնքապետերին լրագրողներն ու իշխանություններն անընդհատ քարկոծում էին, որ լավ մեքենաներ են գնում, ես հրաժարվեցի այդ մեքենայից: Այդ ժամանակ մեքենան արդեն գնել էինք, բայց չէր գրանցվել, պետհամարանիշ չէինք հանել: Հարմար չգտա այդ մեքենան գնելու, որովհետեւ չէի ուզում իմ հետեւից խոսակցություն լինի, որ ճոխ մեքենա եմ առել»:
Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, նշված մեքենայի համար փոխանցվել է նաեւ 882.000 դրամ եկամտահարկ. «Իսկ մրցույթի ժամանակ 800. 000 դրամ դա կարգն է, 10 տոկոս ՊԵԿ-ին ենք փոխանցում: Այդ գումարը հենց հիմա հարկայինում է: Ես այդ գումարը չեմ կերել, թող հարցում անեն, իմանան: Գրություն գրեն հարկային, հարկայինն այդ գումարը կուղարկի հետ իրենց: Ես պատրաստ եմ ապացուցեմ, որ մի կոպեկ չի ծախսվել, մեքենան առել եմ իմ քրտինքով: Ի՞նչ թալանելու մասին է խոսքը, ուղղակի փորձում են վարկաբեկել մարդկանց»:
Գևորգյանն ասում է, որ դրանից հետո մեքենան գնել է ինքը՝ սեփական միջոցներով. «Կնոջս անունից վարկ եմ վերցրել, գնացել եմ, առել էդ մեքենան: Մինչև էսօր էլ փակում եմ էդ վարկը»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ