Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցը Գալյա Նովենցի անունով է, եւ դա պարտավորեցնող է». Հակոբ Ղազանչյան

Սեպտեմբեր 02,2022 13:32

Երեւանում պաշտոնապես բացվում է «Գալյա Նովենց» թատերական դպրոցը: Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ մեկ տարի է՝ ընթանում են դպրոցի բացման աշխատանքները, վերջին երեք ամիսներին իրականացվել է ընդունելություն, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը՝ մեծերի խմբի համար:

Մարիամ Ղազանչյան

«Դպրոցի առջեւ դրված են հետեւյալ նպատակները՝ նախ կրթել այսօրվա լուսավոր սերնդին, թատերական ինստիտուտի համար դիմորդներ պատրաստել: Տարիքային սահմանափակում չկա: Մեծերի կուրսը հավաքում է Արթուր Սարիբեկյանը, պարուսույցը Արտյոմ Գեւորգյանն է, բեմական խոսքի դասախոսը Զարուհի Հովհաննիսյանն է, վոկալի դասախոսը՝ Աննա Մովսիսյանը»:

Նա տեղեկացրեց, որ 7-13 տարեկանների համար եւս խումբ է բացվել. «Հետաքրքիր խումբ է ձեւավորվել, խմբի ղեկավարը Նվարդ Թերզիբաշյանն է, որը մասնագիտությամբ ռեժիսոր է»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն ասաց, որ կազմակերպչական աշխատանքներին ինքը մասնակից չի եղել, դրանք իրականացրել է Մարիամ Ղազանչյանը. «Մարիամն ամեն ինչ արել է ինքնուրույն՝ իր ընկերների հետ միասին: Իմ մասնակցությունը լինելու է որպես դասախոս, ժամանակ առ ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, մեծ սիրով օգտակար կլինեմ ցանկացած հարցում: Հասկանալի է, թե ում անունով է կոչված դպրոցը, եւ դա արդեն պարտավորեցնում է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մակարդակը բարձր պահենք: Կասկած չունեմ, որ այն նպատակները, որոնք դրվել են դպրոցի առջեւ, կիրականան, ես էլ ամեն ինչով կաջակցեմ, իրենց կողքին կլինեմ»:

Թատերական գործիչների միության նախագահն ասաց, որ անշուշտ կար նման դպրոց ստեղծելու անհրաժեշտություն. «Կարծում եմ՝ պատշաճ մակարդակով ուսուցում չկա ուսումնական հաստատություններում, եւ երեխաները սովորելիս ձեռք չեն բոլոր այն անհրաժեշտ որակները, որոնք պետք են կյանքում պիտանի քաղաքացի դառնալու համար: Այս պրոցեսում նաեւ մշակույթի պակասն է տեսանելի դառնում, երեխաները կտրված են մշակույթից, շատ անհանգիստ եմ մատաղ սերնդի համար: Որքան շատ լինեն նման դպրոցներ` այնքան լավ, այնքան մեր հասարակության օգուտն է: Իսկ թատրոնը արվեստի այն տեսակն է, որն իր մեջ ներառում է արվեստի բոլոր ճյուղերն ու տեսակները: Ինչի մասին ուզում եք խոսեք, թատրոնում կա՝ գրականություն, նկարչություն, երաժշտություն: Եթե երեխան շփվում է թատրոնի հետ, նշանակում է զարգացած մարդ է դառնալու: Անկախ նրանից ինչ ճանապարհով կգնա, այս ամենը իր ենթագիտակցության մեջ նստած կլինի»

Արթուր Սարիբեկյան

 

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի, խոսքով, եթե մարդիկ ցանկություն ունեն կրթվելու եւ առերեսվելու թատրոնի հետ, ուրեմն իրենց դռները բաց կլինեն այդ դիմորդների առաջ. «Դիմորդների հետ շփվելուց հետո ես եկա այն եզրակացության, որ ամեն ինչ արդար է: Մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անենք՝ մեր գիտելիքները նրանց փոխանցելու համար, որ եթե անգամ դերասան չեն դառնալու, գոնե հետաքրքիր քաղաքացիներ կձեւավորվեն»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930