«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լա՞վ եք ուսումնասիրել բոլորդ, լա՞վ եք ուսումնասիրել այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ կետերը»,- այսպես արձագանքեց Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով Բերձորը, Աղավնոն եւ Սուսը հանձնելու մասի լրագրողների հարցերին:
Համացանցում շրջանառված հայտնի նկարի մասին էլ, որում ինքը Ադրբեջանի ներկայացուցչի հետ ձեռքսեղմում է ունենում Բերձորում՝ Վիտալի Բալասանյանը որեւէ մեկնաբանություն չարեց, հորդորեց դիմել ԱՀ ԱԽ մամուլի ծառայություն եւ ասուլիս կազմակերպելու խնդրանքով:
«Մենք որեւէ գաղտնի պայմանավորվածությունների, գաղտնի բանակցությունների չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու»,- հայտարարեց նա:
Վիտալի Բալասանյանը թեեւ խոստացավ տոնական միջոցառման ավարտից հետո պատասխանել բոլոր հարցերին, բայց նա այդպես էլ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը Միքայել Արզումանյանի ձերբակալության, Շուշին հանձնելու, Փառուխն ու Քարագլուխը հանձնելու եւ ամեն օր նոր կորուստներ ունենալու մասին:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ․ Գ․ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանել էր․ «Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով»։