«Փաստինֆո». 26 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022թ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
Նշենք, որ Քրեակատարողական գործող օրենսգրքի համաձայն՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, և քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։ Այսինքն՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանները նույնական են նախկինում գործող օրենսգրքի բաց ռեժիմին։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ