Ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի գործով առաջին ատյանի դատարանում այսօր ցուցմունք է տալիս իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա վկայի կարգավիճակ ունի։
Արթուր Սաքունցը դատարանին հայտնեց, որ Նարեկ Մալյանը 2021թ. ընթացքում հրապարակային գրառումներով եւ գործողություններով բռնության կոչեր է հնչեցրել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հ/կ-ի հետ համագործակցող իրավապաշտպանների հասցեին, որոնք մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։
«Գրել է, որ դրանց պետք է տապչկեքով սատկացնել, որ դրանք Սորոսի վաստակներ են, ազգի դավաճան են»,-նշեց Սաքունցը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված` դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը:
Կարդացեք նաև
Բացի այդ, նա, հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, անձանց խմբի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը՝ սպանությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ