«Լաչինի միջանցքը ձեզ համար ամբողջությամբ փակ է, առանձին, նոր ճանապարհ են բացել». արդեն մի քանի օր է` այսպիսի «աչքալուսանքով» են ռուս խաղաղապահները դիմավորում Հայաստանից Արցախ մեկնող հայկական մեքենաների ուղեւորներին եւ տեղեկացնում են, որ ճանապարհի հետագա ընթացքն արդեն հաջորդ հենակետերում ցույց կտան:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն այս տարվա օգոստոսի 30-ից փակ է հայկական կողմերի համար: Արդյունքում, հայկական ևս երեք բնակավայր՝ Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը նույնպես հանձնվեցին Ադրբեջանին:
Հայաստան-Արցախ երթուղին կկազմակերպվի ժամանակավոր ճանապարհով, որն անցնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերով՝ շրջանցելով, Բերձորն ու Աղավնոն:
Կարդացեք նաև
Սա ժամանակավոր լուծում է, մինչեւ կավարտվի հիմնական ճանապարհի շինարարությունը, որի Արցախով անցնող հատվածի շինարարությունն Ադրբեջանն ավարտել է դեռ հուլիսին: Հայկական կողմը իր կառուցելիք ճանապարհի շինարարությունն օգոստոսի սկզբին է սկսել եւ նախատեսում է ավարտել եկող տարի գարնանը: Ինչպես ժամանակավոր, այնպես էլ հիմնական ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ժամանակավոր ճանապարհի 4,7 կիլոմետրանոց հատվածում արդեն 8-9 հենակետ է տեղադրված: Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։
Օգոստոսի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ ՆԳՆ-ի հաղորդագրությանը նախորդել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ էլ կայացվել էր ժամանակավոր ճանապարհը օգոստոսի 30-ից շահագործելու որոշումը, թեեւ նախապես հայտարարվել էր, որ նոր ճանապարհի շահագործումը սեպտեմբերի 1-ից է լինելու:
Ճանապարհի տարածքում դեռ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. դրանք իրականացնում է ադրբեջանական կողմը՝ ռուս խաղաղապահների հսկողությամբ: Կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհը: Հայկական եւ ադրբեջանական մեքենաների համար ճանապարհը համատեղ շահագործելի է, որոշ հատվածներում, խաղաղապահները կարգավորում են մեքենաների շարժը: Մի հատվածում հատուկ կամրջակ է կառուցվել, որպեսզի հայկական եւ ադրբեջանական մեքենաների ճանապարհները չխաչվեն:
Ադրբեջանին հանձնված հայկական տարածքներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ տես լուսանկարներում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւան-Ստեփանակերտ