Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպել են Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Ադրբեջանական կողմն այդ հանդիպումից, կարծես թե, գոհ է: Հայաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ առանձին խանդավառություն այդ կապակցությամբ չի արտահայտել՝ նշելով, որ խաղաղության «օրակարգը կյանքի կոչելը հեշտ չէ, եւ հնարավոր լուծումներն ակնհայտ չեն»: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես միշտ՝ նման հանդիպումների ընթացքում, արտահայտել է իր երկրի խանդոտ վերաբերմունքը:
Հանդիպման ոչ բարձր արդյունավետության մասին անուղղակիորեն խոսում է այն փաստը, որ դրա վերաբերյալ միակ պաշտոնական փաստաթղթում՝ Միշելի հայտարարության մեջ, ոչ մի բառ չկա Լեռնային Ղարաբաղի եւ Մինսկի խմբի մասին: Այդպիսով հաստատվում է օրեր առաջ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ Ղարաբաղի խնդիր չի քննարկվում, դա Ադրբեջանի ներքին գործն է: Այդ պնդումն, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չէ. Արցախի հետ կապված հարցերը Ալիեւը, այնուամենայնիվ, քննարկում է, բայց ռուսական կողմի հետ: Վկա՝ Աղավնոյի եւ Բերձորի հետ կապված պատմությունը, որում Հայաստանի մասնակցությունը զրոյական էր: Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան բոլոր հնարավորություններն ունեն շարունակելու նման հարցերով սակարկությունները Ռուսաստանի հետ, եւ, ցավոք, դժվար չէ կանխատեսել, որ այդ առեւտրի արդյունքները մեր օգտին չեն լինի:
Գերիների խնդիրը Բրյուսելում, ըստ ամենայնի, քննարկվել է՝ դատելով նույն պաշտոնական հայտարարությունից. «Նախագահ Միշելն Ադրբեջանի համար ընդգծել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարեւորությունը»: Բայց այն, որ Միշելն այդ կարեւորությունն ընդգծել է, չի նշանակում, որ Ալիեւը պատրաստ է այժմ վերադարձնել մեր գերիներին: Շատ հնարավոր է, որ նա այդ վերադարձը բացահայտորեն կամ ակնարկներով պայմանավորում է «խաղաղության պայմանագրի» հարցում իրական առաջընթացով:
Որ նման առաջընթաց առայժմ չկա, կարելի է եզրակացնել նույն Միշելի գրասենյակի՝ տարբեր ժամանակահատվածներում արված հայտարարությունների տեքստերի համեմատությունից: 2022, օգոստոսի 31. «Կողմերը համաձայն են ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ եւ հանձնարարել են արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»: Բայց նման հանձնարարական արդեն իսկ տրվել է: 2022, ապրիլի 7. «Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նաեւ ցանկություն են հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ հանձնարարել են իրենց արտգործնախարարներին՝ նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը»:
Կարդացեք նաև
Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արդեն երկրորդ անգամ տալիս են, ըստ էության, նույն «հանձնարարությունը»: Հավանաբար, նրանով, որ հանդիպման արդյունքներով պետք է ինչ-որ «դրական տեղաշարժ» արձանագրել: Որն իրականում չկա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք հայտնվել ենք համաշխարհային քաղաքականության մրցադաշտում եւ ուզած չուզած պետք է խաղանք գործող մրցամարտի կանոններով: Եթե մրցամարտը բռնցքամարտի ռինգում է, եկեք արագ սովորենք բռնցքամարտի կանոնները, պատրաստվենք եւ ստուգենք մեր ձեռք բերած շնորհքը ռինգում: Մենք ինչո՞վ ենք պակաս մյուսներից, այո, այսօր հաղթանակ կլինի, վաղը պարտություն եւ արդյունքը միայն մեզնից կախված կլինի, իսկ եթե ոչինչ չանենք բռնցքամարտի ռինգում, պարզ է միայն խաղաղության մասին պետք է երազենք, թե երբ գոնգը կխփեն, բայց մի փոքր խաղաղությունից հետո, երբ մրցակիցները նոր ուժեր հավաքեն, նոր պատերազմ ռաունդներ են գալու: Կարծում եմ, աշխարհը զարմացած է մեր անգյալության վրա՝ ունենք քաղաքակրթություն եւ պետք է փորձենք այն տարածել աշխարհով մեկ, մրցելով մեր նման գոյություն ունեցող հատուկենտ քաղաքակրթությունների հետ, ո՞ր բնագավառում մենք մասնագետ չունենք աշխարհով մեկ, բոլոր ազգերին ծառայում ենք մասնագիտական բարձր մակարդակով, իսկ մեր ազգին բաժին է ընկել այն, ինչ թույլ ենք տվել: Դրա համար, կամ ստվերային կառավարություն, կամ քաղաքական գենշտաբ կամ գոնե սկսենք հայ քաղաքական եւ ռազմատնտեսական համաշխարհային կոնգրես անցկացնել, որ հստակեցնենք մեր քաղաքակրթական առաքելությունը: Մենք առաջին հերթին պետք է լուծենք սայլակի ու ձիու խնդիրը, որ ոչ թե ձին գնա սայլակի հետեւից, այլ սայլակը շարժվի ձիու հետեւից, այս համակարգային խնդիրը լուծելուց հետո է միայն հնարավոր առաջընթաց բոլոր բնագավառներում: