Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կարող է շատ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել անգամ մինչև երկուսուկես տարի»․ Արմեն Բաղդասարյան

Սեպտեմբեր 01,2022 23:13

«Հիմա գոյություն ունեցող իրավիճակն ունի առավելագույն ժամկետ՝  երկուսուկես տարի։ Երկուսուկես տարի հետո ռուս խաղաղապահները պիտի Ադրբեջանից դուրս բերվեն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնելու է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ հետևաբար անգամ այս լարված, ծանր, վտանգավոր իրավիճակը երկուսուկես տարի անց այսպես թե այնպես փոխվելու է, եթե մինչ այդ լուրջ զարգացումներ չլինեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում, կոմունիկացիաների հարցում։ Հարցին՝ ի՞նչ է նշանակում լուրջ զարգացում, նա պատասխանեց․ «Եթե ՀՀ իշխանություններն Ադրբեջանին երեք ճանապարհներ են առաջարկում, եթե Ադրբեջանը փորձի դրանցից օգտվել, տեղի կունենա պրովոկացիա։ Այդ առիթով Ադրբեջանը, միջազգային աղմուկ բարձրացնելով, ամբողջովին կփակի ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը»։ Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խումբը մահամերձ վիճակում է․ «Գուցե պիտի փորձենք վերականգնել դա, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Մինսկի խումբն արձանագրել է, որ արցախյան խնդիրը վերջնական լուծված չէ և Արցախի կարգավիճակի հարց գոյություն ունի։

Ավելին, 1994 թվականից ի վեր Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերով արձանագրված է, որ Արցախի հարցով վերջնական որոշմանը պիտի մասնակցի նաև Արցախը, քանի որ դիրքորոշումն այդպիսին է։ Մենք պիտի փորձենք դրա շնորհիվ միշտ արդիական պահել արցախյան կարգավորման հարցը։ Մենք չպետք է պատրանքներ ունենանք, որ ԱՄՆ կամ Ֆրանսիան՝  հավաքական Արևմուտքը հայկական շահերն է պաշտպանում։ Նրանք չեն գալիս այստեղ հայկական շահեր պաշտպանելու համար։

Մեր տարածաշրջանում տեղի է ունենում մեծ առևտուր, և Արևմուտքը չի ցանկանում դուրս մնալ այդ գործընթացից։  Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը փորձում են հայկական կողմի պարտությունից իրենց առավելագույնը քաղել։ Արևմուտքն էլ գալիս է, որ ինքն էլ իր օգուտը տանի իր հերթին։ Բոլորն այստեղ գալիս են իրենց շահերի հետևից, այդ թվում ռուս խաղաղապահները։ Նրանք չեն եկել այստեղ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու, եկել են ՌԴ շահերը պաշտպանելու։ Եթե ՀՀ և ՌԴ-ի շահերը որևէ կետում համընկնեն, պետք է օգտագործել դա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930