Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան․ «Ուսանողների մի մեծ խումբ դասերի հաշվին է աշխատում, դա էլ է հոգեվարքի նշան»

Սեպտեմբեր 01,2022 21:33

«Կարելի է ասել, որ Փաշինյանի ասածը բնութագրում է մեր երկրի կրթության վիճակը»,-այսպիսի կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝«բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են: Բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն»  հայտարարությանը։

Փաշինյանն այսօր շնորհավորելով գիտելիքի օրը, անդրադարձել է մեր երկրի կրթական համակարգին եւ խնդիրներին։ Բուհական կրթության մասին վարչապետն ասել է․« Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում․․․մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչեւ միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ։

․․․ Որևէ բուհ, որը չի համապատասխանում այս ստանդարտին, մենք գնալու ենք և ուղղակի այդ ցուցանակը, որտեղ գրված է բարձրագույն ուսումնական հաստատություն, հանենք, որովհետև շատ դեպքերում բացի այդ ցուցանակից ուրիշ ոչ մի բան չկա»:

Սերոբ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ընդհանուր առմամբ՝ բուհերը մեր երկրում վատ վիճակում են, սակայն խնդիրն է այն է, որ այնպես չարվի, որ վիճակն ավելի վատանա։

Փորձագետի խոսքով՝ այն, ինչ ասաց Փաշինյանը ծրագրի մասին, առայժմ  ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ է տալիս․«Մենք գիտենք, որ  8  բուհ է միավորվելու, իսկ որոնք են դրանք,  որո՞նք են առանձին մնալու։ Ի տարբերություն դպրոցների, որոնք միատեսակ են, բուհերը շատ տարբեր են, եւ որպեսզի գնահատական տրվի, պետք է հասկանալ՝ թե որ բուհը, որի հետ է միավորվելու եւ ինչ տրամաբանությամբ, որ բուհն է տեղափոխվելու Աշտարակ, որն է մնալու Երեւանում»։

Խաչատրյանը նկատեց՝ կարող է խտրականություն լինել, օրինակ՝ որոնք մնալու են մայրաքաղաքում՝  հավանաբար ավելի շատ ուսանող կունենան, իսկ որոնք պետք է տեղափոխեն Աշտարակ, հնարավոր է դժվարությամբ ուսանող հավաքեն․ «Պետք  է տեղային գործոնները հաշվի առնել։ Միանշանակ է, որ կամպուսային տարբերակը, այսինքն՝  ակադեմիական քաղաքը լավ բան է, բայց նաեւ պետք է հաշվի առնել   երկրի առանձնահատկությունները։ Այսօր մեր բուհերի ուսման վարձը բավականին բարձր է, ուսանողների ծնողները պարտքեր են անում, եթե մենք տանում ենք Աշտարակ, հասանելիության խնդիր է առաջանում։ Այսօր ուսանողը կարող է  մետրոյով հասնել  քաղաքի  կենտրոն, որտեղ բուհերն են, իսկ այս ծրագրով, փաստորեն պետք է հասնի Աշտարակ։ Սա մեծ խնդիր կլինի, եթե տրանսպորտային  ենթակառուցվածքներն ու հանրակացարանային պայմանները չապահովվեն։ Նաեւ մարզային բուհեր կան, դրանց դեպքում ինչ է նախատեսվում՝ չգիտենք»։

Ինչ վերաբերում է չափորոշիչներին, ապա փորձագետն ասաց, որ դրանցից որոշները  կտարածվեն մասնավոր բուհերի վրա էլ․ «Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մասնավոր բուհերի վիճակը վատ է, եթե այս տեմպերով գնանք, ապա 2-3 բուհ հազիվ կարողանան մնալ, որոնք կփորձեն մրցել պետական բուհերի հետ, ինչն այդքան էլ հեշտ չի լինի։ Կան բուհեր, որոնք այս տարի դիմորդներ չունեցան կամ էլ շատ քիչ ունեցան։ Իրենց համար շատ դժվար է լինելու, ֆինանսական լուրջ խնդիրներ են ունենալու։ Նաեւ դրանց կրթության որակն էլ է ցածր»։

Խաչատրյանի խոսքով՝ այսօր ուսանողների մի մեծ խումբ դասերի հաշվին է աշխատում, եւ դա էլ է հոգեվարքի նշան։

Միջազգային փորձը հաշվի առնելով, որ դրսում շատ տարածված է, որ ուսանողն աշխատում է, փորձագետը նկատեց՝  նորմալ է, որ ուսանողն աշխատում է, բայց չպետք է դասերի հաշվին արվի։  Դրսում ուսանողը շաբաթական կարող է 20 ժամ աշխատի, իսկ մեզ մոտ՝ օրը 10 ժամ է աշխատում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930