Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական և կոնյուկտուրային հասկանալի նկատառումները հաշվի առնելով՝ սա համարձակ և հայրենասիրական քայլ է»․ Բորիս Նավասարդյանը՝ Ռուբեն Վարդանյանի որոշման մասին

Սեպտեմբեր 01,2022 21:01

«Այո, կարծում եմ՝ սա նաև ակնարկ է Ռուսաստանին, որովհետև մենք նաև պատերազմի ժամանակ լսել ենք բավականին զգացմունքային ձայնային ուղերձ և տեսաուղերձ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Կարելի է ասել, որ նույն տրամադրության մեջ է նաև այս մի ուղերձը, որտեղ մի կողմից նշվում է Ռուսաստանի կարևոր դերը, բայց մյուս կողմից կա հիասթափություն ՌԴ կողմից իր դաշնակցային պարտավորությունները կատարելու առումով»,-Aravot.am-ի հարցին՝ «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու որոշումը նաև հստակ ակնա՞րկ էր ՌԴ-ին, այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է  Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին, նաև հայտնել, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս քայլով Ռուբեն Վարդանյանն ուզում է ցույց տալ, որ ինքն ինչ-որ պահեստային տարբերակներ չի թողնում իր համար, կայացրել է վերջնական որոշում և կապել իր ճակատագիրը ՀՀ-ի և Արցախի հետ․ «Մենք շատ լավ գիտենք, որ կան մարդիկ, որոնք մի կողմից հայրենասիրական ճառեր են ասում, մյուս կողմից իրենց համար տարբերակներ են պահում՝ հեռանալ Հայաստանից և ապագայում բնակվել այլ տեղեր, կամ գոնե իրենց ընտանիքի անդամների համար են նախատեսում այդպիսի հնարավորություն։ Ռուբեն Վարդանյանի համար ցանկալի է իր պատկերացմամբ համոզիչ լինել այն մարդկանց համար, ում ուղղված էր այդ ելույթը»։

Հարցին՝ դա համոզիչ կլինի՞ մանավանդ այն ֆոնին նաև, որ ընդդիմությունը դադար վերցնելուց հետո աշնանը կբացի հանրահավաքային շրջանը, քաղաքական տեսանկյունի՞ց այս քայլն ինչ ուղերձ ունի, նա պատասխանեց․ «Արդյունավետության առումով համոզված չեմ, որ էական արդյունք կտա այս ուղերձը, քանի որ մեզ մոտ, ցավոք, անձինք, որոնք կատարում են կամ կարող են կատարել վճռական քայլեր, այնքան են վարկաբեկված, որ այդպես շատ ոգևորված ընկալում չի լինում նման բաների։ Ընդհանրապես մեզ մոտ տարբեր քաղաքական շրջանակներ՝ իշխանական և ընդդիմության շարքերում, կարծես թե ցանկանում են բոլոր իրենց մրցակիցներին կամ քաղաքական դաշտում գործող այլ միավորներին, անձանց հնարավորինս նվաստացնել և ցույց տալ որպես լավագույն դեպքում ոչ արդյունավետ, իսկ վատագույն դեպքում մանիպուլյատիվ գործողություններ կատարողներ։ Մեր հանրային կյանքի այդ առանձնահատկությունը մեծ ազդեցություն է թողնում նաև հանրային տրամադրությունների վրա։ Մարդիկ, ինչպես նշում է Ռուբեն Վարդանյանը, ապատիայի մեջ են, ոչ մեկին չեն հավատում և ոչ մեկի հետ հույսեր չեն կապում»։

Մեր հիշեցմանը՝ որոշ հրապարակումներ եղան, թե հնարավոր է Ռուբեն Վարդանյանը նշանակվի ԱՀ պետնախարարի պաշտոնում և հարցին՝ դա հավանական համարո՞ւմ է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Դա շատ հանգամանքներից է կախված։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ նման քաղաքական որոշումներն Արցախում կայացվում են հիմնականում ռուս խաղաղապահների միջնորդությամբ, բնականաբար, Մոսկվայի հավանության պարագայում։ Չեմ բացառում, որ նման շահագրգռություն կունենան Արցախի իշխանությունները, քանի որ Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը ԱՀ կառավարման համակարգում կբարձրացնի հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ, բայց չեմ կարող դատել այսօր, թե որքանով դա ընդունելի կլինի Մոսկվայի համար, որքանով Մոսկվան դա նպաստավոր քայլ կհամարի Ադրբեջանի հետ իր հարաբերություններում։ Մենք մի կողմից տեսնում ենք, որ Ռուսաստանն ուզում է իրացնել իր պետական շահերը մեր տարածաշրջանում, բայց մյուս կողմից ձգտում է շատ չսրել հարաբերությունները Բաքվի հետ այս ամբողջ աշխարհաքաղաքական համատեքստում՝ մասնավորապես Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Իսկ եթե ոչ, առաջնահերթությունն այստեղ ավելի շատ կաշխատի։ Ազդեցության մեծացում, թե՞ համաձայնեցված գործողություններ Ադրբեջանի հետ, կտեսնենք։ Ես Արցախի իշխանությունների մտադրություններից տեղյակ չեմ։ Եթե դրանք իրոք այդպիսին են, և նման առաջարկ կլինի Մոսկվային, Մոսկվայի պատասխանից մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ պարտականություն է Ռուսաստանը նրա առաջ»։

Մեր հստակեցմանը՝ այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանի քայլը դրական համարո՞ւմ է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Ես դրական եմ համարում ցանկացած ազնիվ, հայրենասիրական քայլ, երբ մարդը վճռական որոշումներ է կայացնում իր անձնական կյանքի և ճակատագրի հետ կապված, իսկ բոլոր քաղաքական և  կոնյուկտուրային հասկանալի նկատառումները հաշվի առնելով՝ ամեն դեպքում այս քայլն այդպիսին է։ Դա համարձակ և հայրենասիրական քայլ է։ Քաղաքականության մեջ շատ լավ գիտենք՝ երբեք ամեն ինչ միայն ազնվության և հայրենասիրության վրա հիմնված չէ, և դա նորմալ է, դա է քաղաքականությունը։ Բայց խորհրդանշական առումով կարծում եմ միայն դրական կարելի է համարել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930