Սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ուղերձով, որով հայտարարել է, որ տեղափոխվում է Արցախ և նախաձեռնում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ստեղծում։
Ամբողջ աշխարհի և մարդկության աչքի առջև տեղի է ունենում աղետ արցախյան հողում՝ մաս-մաս Արցախը դրվում է թուրք-ադրբեջանական շահերի զոհասեղանին՝ ի հաշիվ համամարդկային արժեքների։
Քանիցս ճիշտ էր Մոնթեն․ «… Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Այսօր արդեն ականատեսն ենք լինում այս խոսքերի ճշմարտացիության գույժին։ Հետևաբար, սա կանխելու համար պարտավոր ենք Արցախը պահել, ամրացնել հայկական արմատները։ Սա հնարավոր է բացառապես միասնաբար և բոլոր ուղղություններով՝ ապրելով Արցախում, ապրելով Արցախով։ Ազգովի ենք պարտք հայորդիների շիրիմների առջև, ազգովի էլ այդ պարտքը վերադարձնելու ենք։
Այսօրվա հրամայական է՝ միասին Արցախի կողքին։ Մենք վստահ ենք, որ Արցախի անվտանգության և զարգացման համահայկական ճակատը կարող է դառնալ այն հենման կետը, որը ունի պոտենցիալ միավորելու և ընդգրկելու համայն հայության և մտահոգ յուրաքանչյուր մարդու ներուժը Արցախի ամրապնդման գործին։
Կարդացեք նաև
Արցախը եղել և մնում է «Ապրելու Երկիր» կուսակցության ստեղծման և գործունեության կարևորագույն թիրախներից։ Համոզված ենք, որ արցախյան այս համահայկական ճակատը այն լուծումն է, որը միավորելու է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ մարդկային ներուժը՝ վերածնվելու և մեր անխախտ տեղը զբաղեցնելու աշխարհի քարտեզի վրա։ Դա հնարավոր է՝ բացառապես վեր կանգնելով որևէ խմբային կամ անձնական շահից, ինչը կարմիր թելով անցնում է ուղերձի մեջ։
Սույնով կուսակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությանը՝ ստեղծել համահայկական ճակատ Արցախի անվտանգության ամրապնդման և բոլոր ուղղություններով զարգացման համար։
Հույս ենք հայտնում, որ իրավիճակի լրջությունը հասկանում են շատ հայորդիներ, անհատներ, կազմակերպություններ և իրենց սրտացավությունն ու աջակցությունը դրսևորելու միջոցը կգտնեն այս նախաձեռնության մեջ՝ միանալով և գործելով։
«Ապրելու երկիր» կուսակցություն