Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տիտղոսակիր ընդդիմությունն ու իշխանությունն ուղղակի պայքարում են, թե ով ավելի լավ կխաբի ժողովրդին»․ Արմեն Բաղդասարյան

Սեպտեմբեր 01,2022 19:35

«Ես չեմ կարծում, թե որևէ առաջխաղացում է տեղի ունեցել Բրուսելում։ Իմ տպավորությունն այն է, որ ոչ մի առաջխաղացում տեղի չի ունեցել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև հանդիպմանը։

Ըստ նրա՝ այն, որ պայմանավորվել են, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին, դա խոսում է այն մասին, որ ամեն ինչ տեղապտույտի մեջ է։ Նա մանրամասնեց․ «Եթե օգոստոսի վերջին հանդիպման ժամանակ ասվում է՝ հաջորդ հանդիպումը կլինի նոյեմբերին, այն դեպքում, երբ իրադարձությունները տարածաշրջանում և աշխարհում արագ են զարգանում, երեք ամիս անց հանդիպում, նշանակում է, որ գործընթացը տեղապտույտի մեջ է»։

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատարի կալանավորմանը, Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ ոչինչ չի փոխվել ու շարունակեց․«Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է՝ բոլորին կարգել մեղավոր իրենից բացի։ Մանրակրկիտ փաստեր ներկայացնել, թե՝ տեսեք՝ ով է դավաճանը, ում պատճառով ենք պարտություն կրել, կասկածելի է։ Կասկածելի է, որ քննչական կոմիտեն այնպիսի բաներ է ներկայացնում, որոնք սովորաբար չեն ներկայացնում։ Հիմա նոր մեղադրյալներ են առաջացել։ Այստեղ էլ բովանդակային առումով փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի անում»։

Խոսելով ընդդիմության գործելաոճի մասին և մեկնաբանելով այն հայտարարությունները, թե ժողովուրդը հրապարակում չի հավաքվում, դա է պատճառը, որ փոփոխություն չի լինում, Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Խնդիրը ժողովրդի հավաքվելը չէ։ Երկու հիմնական խնդիր կա, որ պիտի անի ընդդիմությունը և որ չի անում։ Չխաբել հասարակությանը, ժողովրդին անկեղծորեն ներկայացնել իրավիճակը, ներկայացնել իր մեղքի, իր պատասխանատվության բաժինը ստեղծված իրավիճակի համար, ներողություն խնդրել ժողովրդից։ Հասկանալի է, որ հիմնական մեղավորն այս իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանն են, բայց  նախկիններն էլ ունեն իրենց մեղավորությունը։ Անկեղծ խոսակցություն պիտի լինի հասարակության հետ, ներողություն պիտի խնդրեն։ Եթե հասարակությունը կների նրանց, հաջորդ քայլով ավելի անկեղծ երկխոսություն կլինի։ Ընդդիմությունը հստակ ծրագիր պիտի ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել։ Այն, ինչ տեսանք, ծրագիր չէր։ Իշխանության հասցեին միանգամայն ընդունելի կոշտ քննադատություն էր, բայց չէր ասվում ճշմարտությունը։ Տիտղոսակիր ընդդիմությունը՝ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունն ուղղակի պայքարում են, թե ով ավելի լավ կխաբի ժողովրդին։ Բոլորս գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ կետերով խաբել է հասարակությանը, ընդդիմությունն էլ մտածում է, որ եթե նա խաբել է, հասել հաջողության, եթե մենք ավելի լավ խաբենք, գուցե կհաջողենք»։

Հարցին՝ հնարավո՞ր է աշնան ընթացքում ներքաղաքական կյանքում լինեն փոփոխություններ, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց․ «Ներքաղաքական կյանքում ցանկացած փոփոխություն կախված է լինելու բացառապես արտաքին քաղաքական իրադարձությունների, անվտանգային իրադարձությունների հետ։ ՀՀ-ի ներսում ներքաղաքական գործընթացներ գեներացնել հնարավոր չի լինելու, եթե չկան արտաքին ազդակներ, որոնք կհամախմբեն հասարակությանը։ Եթե դա չլինի, ՀՀ-ի ներսում քաղաքական ուժերը հերթական հանրահավաքային սեզոնը կբացեն, հետո հասարակությանը կմեղադրեն, թե մեղավոր են, որ չեն գալիս փողոց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930