«Այն, որ հանդիպումը եղել է, դրական փաստ է եւ հուշում է այն մասին, որ խոսելու պատրաստակամություն կա։ Երկխոսությունը նվազեցնում է էսկալացիայի հիմքերը։ Մյուս կողմից կարծում եմ, որ հայկական կողմի համար այդ հանդիպումը հիասթափություն է, որովհետեւ երկար ժամանակ Երեւանում խոսում էին այն մասին, որ կոնկրետ արդյունքներ են ակնկալում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ տեսակապի միջոցով հանդիպմանն այսօր անդրադառնալով օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներին՝ նման կարծիք հայտնեց «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
Ըստ նրա, քանի որ հայկական կողմը հանդիպումից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ, սա ուղերձ է․ քանի դեռ չկա խաղաղ գործընթացի մասին պայմանավորվածություն, մնացած հարցերում կոնկրետ քայլեր հնարավոր չեն։
Իրավիճակի հնարավոր սրմանն անդրադառնալով՝ փորձագետը նշեց․ «Այս պահին Ռուսաստանին ձեռնտու չի լինի Հարավային Կովկասում որեւէ պատերազմը։ Նա առավելապես կենտրոնացած է Ուկրաինայի վրա, գլխացավանքը մեծ է։ Ձեռնտու չէր լինի որեւէ պատերազմ․ կապ չունի՝ Վրաստանո՞ւմ, թե Արցախում, ուստի «երկրորդ ճակատ» բացելու մասին քննարկումները Ռուսաստանին պետք չեն։ Ոչ մեկ չի պատրաստվում փոխարինել ռուս խաղաղապահներին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ