«Առավոտ»-ից տեղեկացա, որ գլխավոր դատաղազ, ներեցեք՝ դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է վերականգնել մահապատիժը։ Իհարկե, դատախազն այդքան ոչ ինքնուրույնություն, ոչ համարձակություն ունի իր կողմից առաջարկություններ անելու։ Սա բռնապետիկի հերթական նախաձեռնությունն է, որի համար, ինչպես ցույց տվեցին այս 4 տարիները մարդկային կյանքը ոչինչ է․ կորոնավիրուսային հազարավոր մահեր, պատերազմում հազարավոր զոհեր, Մհեր Եղիազարյան, Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Սոնա Մնացականյան, Ապարանում սպանված երեք երիտասարդներ, բանակում, բանտերում, Սուրմալու առևտրի կենտրոնում տասնյակ զոհեր, մոռացա, բա մարտի 1-ի տասը զոհե՞րը։
Եվ ահա, բռնապետիկի սիրտը չի բավարարվում, այլ անընդհատ նոր արյուն ուզում, նա ցանկանում է, ինչպես միջնադարյան իշխանիկներն, իր հրամանով մարդկանց մահապատժի ենթարկեն, իհարկե՝ «դատարանի» որոշմամբ։ Այս նախաձեռնությունը երեք նպատակ է հետապնդում՝ ահաբեկել ընդդիմադիրներին և մահապատժի ենթարկել նրանցից չհնազանդվողներին, նաև «մաքրել» տարբեր հետքեր։
Ամեն դեպքում, բերեմ, ինչպես հայտնի, այնպես էլ իմ կողմից հիմնավորումներ ընդդեմ մահապատժի․
1․Դատական որոշումներ․ Նույնիսկ համեմատաբար կայացած դատական համակարգ ունեցող երկրներում ( 100%-անոց արդարադատություն աշխարհում չի եղել և երբեք չի լինելու) բազմաթիվ են դատական սխալները։ Հարյուրավոր մահապատժի դատավճիռներ ի կատար անելուց հետո, բացահայտվել են դատական սխալներն ու պարզվել է, որ անմեղ մարդիկ են եղել դատական զոհերը։ Իսկ ինչ կկատարվի մեր դատաիրավական համակարգում։ Վարչապետ կոչեցյալի հրահանգով քննչական կոմիտեն քր․ գործ կթխի, այն կպաշտպանի դատախազությունը, գործը կմակագրվի Մնացական Մարտիրոսյանին և․․․
Կարդացեք նաև
2․ «Մահապատիժ» հոդվածը «սովորություն» ունի ընդլայնվելու։ Այսպիսին է աշխարհի փորձը։
Այնպես որ, եթե մահապատիժ առայժմ միայն նախատեսվում է պետական դավաճանության համար, ապա համոզված եղեք, կարճ ժամանակում, մահապատժի հոդվածը «կընդլայնվի», ընդգրկելով, օրինակ՝ բռնության կոչերը, ծանր վիրավորանքը և վերջապես՝ ընդդիմադիր հայացքներ ունենալը։
3․ Մահապատժի հոդվածի առկայության, այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու և դատարանով մահապատժի որոշման դեպքում, այն պետք է իրականացվի։ Պետությունը պետք է ունենա հաստիքային դահիճներ, այսինքն՝ օրինական մարդասպաններ։ Այս հարցում, համոզված եմ, որ կգտնվեն հարյուրավոր մարդիկ, որոնք հանուն բարձր աշխատավարձի, պարգևավճարների, պատրաստ կլինեն դառնալ հաստիքային դահիճներ։ Կախված աշխատավարձից և պարգևավճարների չափից, հնարավոր է արտահոսք քննչական մարմիններից, ոստիկանության կարմիրբերետավորներից դեպի դահիճ մասնագիտություն։ Իրականում դահիճներ կհանդիսանան, ոչ միայն հաստիքային դահիճները, այլև օրենք ընդունող պատգամավորները, մահապատժի գործով քր․ գործեր հարուցող քննիչները, այն պաշտպանող դատախազներն ու մահապատժի վճիռ կայացնող դատավորները։
Եվ ի՞նչ են մտածում այս մասին քըխհասարակության, ներեցեք՝ քաղհասարակության ներկայացուցիչները։
Ավետիք Իշխանյան