«Իմ կարծիքով՝ որեւէ մեկը չի պնդում, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից կամ փոխարինվեն։ Ինչո՞ւ, որովհետեւ հարց է առաջանում․ եթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ։ Ուրեմն, ասողը պետք է ինքն ուղարկի խաղաղապահներին։ Պարոն Ջոնաթան Լաքոթը վերջերս ակնարկեց, որ Ֆրանսիան նպատակ չունի ռուս խաղաղապահների հետ պատասխանատվություն ստանձնել Արցախում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ տեսակապի միջոցով հանդիպմանն այսօր հայտարարեց «Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի» առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ Հայաստանում լինելու ընթացքում նկատել է, որ քաղաքացիները գրկաբաց են ընդունում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «թվիթերյան» գրառումներն այն մասին, որ Ֆրանսիան ՀՀ-ի կողքին է, որ սատարելու է․ «Լավ, հրաշալի է։ Ես էլ կարող եմ շատ բան հայտարարել, բայց կարո՞ղ եմ դրանք ապահովել։ Հոգեբանորեն իհարկե հաճելի է նման բաներ լսելը, բայց դրանք իրականության հետ կապ չունեն։ Ես իսկապես հասկանում են այն դժվարին վիճակը, որում ՀՀ բնակչությունն է։ Պարզ չէ, թե իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի, եւ ցանկացած նման հայտարարություն ոգեւորությամբ է ընդունվում, բայց փաստենք, որ Եվրամիությունը չունի հնարավորություն եւ ցանկություն՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու»։
Սերգեյ Մարկեդոնովը միաժամանակ մատնանշեց, որ խաղաղապահ առաքելության հնարավորությունների ու հայ հասարակության սպասումների միջեւ նույնպես կա անջրպետ․ «ՀՀ-ն եղել է Արցախի անվտանգության երաշխավորը եւ պարտվել։ Եղան Փառուխի դեպքերը, հետո իրավիճակը Բերձորի միջանցքում, եւ պատկերացումը, որ մեծ եղբայրը կօգնի, խաթարվեց։ Փաշինյանն ակնարկեց առաքելության գործառույթների քննարկման մասին։ Ուստի կա անջրպետ։ Ես համակարգային խնդիրը տեսնում եմ նրանում, որ շատ բաներ ի հայտ չեն գալիս, իսկ հետո նեղացածի կարգավիճակ է լինում։ Ոչ մեկ ոչ մեկին հենց այնպես չի գովում։ Եթե չես խոսում, խոսում են քո փոխարեն։ Համակարգային խնդիր կա, տեղեկատվական խնդիրներ կան»։
Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար, եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել եւ եռապատկել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ