«Ամեն անգամ բախվում ենք իրավիճակի, երբ նոր հանդիպումների մասին խոսելիս մատնանշվում է ինչ-որ ձեռքբերումների ու շարժի մասին։ Արդյունքների վերաբերյալ չափազանցված պատկերացումներ են ձեւավորվում։ Պարզվում է, որ իրականում այս բանակցությունների արդյունքներն ավելի համեստ են, քան ակնկալվող սպասումները։ Այդ հանդիպումները հրաշքներ չեն, որոնք ունակ են նվազեցնելու ռիսկերը»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ տեսակապի միջոցով հանդիպմանն այսօր անդրադառնալով օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման արդյունքներին՝ նման կարծիք հայտնեց «Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի» առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա բնորոշմամբ՝ 2020թ․-ից հետո Ադրբեջանը ձգտում է իր պայմանները թելադրել, Հայաստանն էլ՝ ինչ-որ կերպ պահել կարմիր գծերը, ինչը ոչ միշտ է ստացվում. «Կարծում եմ՝ համակարգային խնդիրները մնում են, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցը, որը Բաքուն փակված է համարում, իսկ ՀՀ-ն՝ ոչ։ Թեկուզ եւ քողարկված, բայց այս թեման կա։ Բացի այդ, սահմանազատման-սահմանագծման գործընթացում Ադրբեջանի պաշտոնյաները եւ դիվանագետները վերջերս անկլավների հարցը շոշափեցին՝ յոթ գյուղերի մասին է խոսքն Արարատի եւ Տավուշի մարզերում։ Թեման հին է, բայց՝ մատնանշված։ Իհարկե, դրական է, որ պաշտոնյաները հանդիպում են, բայց ներգործության տեսանկյունից պետք չէ որեւէ բան ակնկալել։ Հիմա Ադրբեջանն իրեն հաղթող է զգում եւ վարում խնդրահարույց հարցերի՝ մաս-մաս ի օգուտ իրեն պոկելու քաղաքականություն»։
Սերգեյ Մարկեդոնովը նաեւ շեշտեց՝ Արցախը հետսովետական տարածքների այն եզակի կետն է, որում արեւմուտքն ու ՌԴ-ն երկար տարիներ աշխատել են․ «Չեմ կարող ասել՝ հաջող, թե ոչ, բայց աշխատել են, եւ սա կարեւոր է։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո իրավիճակը, բնականաբար, փոխվել է։ Մինսկի խումբն արգելափակված է, լուրջ քննարկումներ չկան։ Թվում է, թե մոսկովյան եւ բրյուսելյան ձեւաչափերում մրցակցություն չկա, «մենյու»-ն էլ նույնն է՝ սահմանազատում, խաղաղության պայմանագիր, բանակցություններ, բայց Բրյուսելը փորձում է որոշակի մրցակցություն վարել, եւ սա ակնհայտ է, որովհետեւ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը որեւէ կերպ չի հիշատակվում՝ ոչ բացասական, ոչ էլ դրական առումով։ Նման հարցերին պետք է ուշադրություն դարձնել։ Չմոռանանք, որ Շառլ Միշելը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ջատագովներից է, եւ սա չի կարելի անտեսել»։
Կարդացեք նաև
Մարկեդոնովն անդրադարձավ նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը եւ ասաց․ «Ռուսական խաղաղապահ առաքելության հետ կապված ուղիղ քննադատություն իրականում չկա, իսկ հնչող հայտարարությունները սեղանի վրա չեն։ Սա որոշակի դրական փաստ է, որովհետեւ եթե խաղաղապահ առաքելության առնչությամբ մրցակցություն լինի, ապա դա շատ հարցերում կբարդացնի իրավիճակը։ Բայց չեմ բացառում, որ որոշակի իրավիճակում այս հարցն ակտուալ կդառնա»։
Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար, եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել եւ եռապատկել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ