1 սեպտեմբերի, Երեւան – Երեկ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2022-2023թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:
Դեսպանը նաև հավաստագրեր հանձնեց այդ յոթ հաջողակ կրթաթոշակառուներին: Նա ասաց․ «Ուրախ եմ, որ չնայած դժվար ժամանակներին, Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցում է ապագա առաջնորդներին ողջ աշխարհում և հատկապես Հայաստանում, քանի որ հայերը մեծապես կարևորում են որակյալ կրթությունը։ Ձեր ընտրած կրթական ոլորտների շրջանակն ու համապատասխանությունն իսկապես տպավորիչ են: Հոգեկան առողջությունը, ՏՏ օրենքը, ֆինտեխը, միջազգային իրավունքը և հակամարտությունների կանխարգելումն այն ոլորտներն են, որոնցում Միացյալ Թագավորությունը մեծ փորձ ունի: Վստահ եմ, որ հետագայում ձեր գիտելիքների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ է՛լ ավելի ուժեղ և հաջողակ երկիր»։
«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության ու գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։
1983 թվականից ի վեր «Չիվնինգի» շնորհիվ ամբողջ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։
Կարդացեք նաև
Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։
Սրտանց շնորհավորում ենք 2022-2023թթ․ «Չիվնինգ» կրթաթոշակառուներին․
Անուն | Համալսարան | Ոլորտ |
Գևորգ Ղարիբյան | Լոնդոնի Քուին Մերի համալսարան | Հոգեկան առողջություն. հոգեբանական թերապիա |
Լուիզա Մելիքսեթյան | Լոնդոնի Քուին Մերի համալսարան | Տեխնոլոգիաների, մեդիաների և հեռահաղորդակցության իրավունք |
Լիլիթ Գաբրիելյան | Էկզետերի համալսարան | Իրավունք |
Միջերիտա Խաչատրյան | Վեստմինստերի համալսարան | Միջազգային իրավունք |
Հակոբ Գաբրիելյան | Դարհեմի համալսարան | Հակամարտությունների կանխարգելում և խաղաղաշինություն |
Լիլյա Մնացականյան | Գլազգոյի համալսարան | Ֆինանսական մոդելավորում և ներդրումներ |
Հերմինե Ֆանյան | Լոնդոնի կայսերական քոլեջ | Ֆինանսներ և հաշվապահություն |
2023/2024 թթ․ ուստարվա համար հայտերը կընդունվեն մինչեւ 2022թ․ նոյեմբերի 1-ը՝ www.chevening.org/apply կայքի միջոցով։
«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք https://www.chevening.org/apply/ կամ Բրիտանական դեսպանատան էջեր Ֆեյսբուքում և Թվիթերում։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանություն