ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,
Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ,
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:
Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:
Կարդացեք նաև
Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:
Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին, կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:
Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:
Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:
Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին