Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվածի շարունակվող ձախողված հանդիպումներից հերթականը. Ստեփան Հասան-Ջալալյան

Սեպտեմբեր 01,2022 12:14

2022թ. օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման արդյունքների մասին Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել հայտարարություններով:

Համաձայն Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Շառլ Միշելը հայտարարել է, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, մարդասիրական հարցերի, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրի, սահմանազատման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցեր:

Ինչպես պարզորոշ երևում է, Եվրոպական խորհրդի նախագահը ոչինչ չի հայտնել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մասին:

Ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ եթե եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված լիներ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարց, ապա Եվրոպական խորհրդի նախագահն իր հայտարարության մեջ, ի թիվս քննարկված մի շարք հարցերի, կարձանագրեր այդ մասին:

Հետևաբար, մեծ հավանականությամբ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարց չի քննարկվել: Սա նշանակում է, որ օկուպանտ Ադրբեջանին հաջողվել է առաջ տանել այն թեզը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն այլևս լուծված է: Ցավալի է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ քննարկման առարկա չի դարձրել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը և չի պնդել, որ հայտարարության մեջ արտացոլված լինի ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արձանագրում:

Փաստորեն, այդպես Նիկոլ Փաշինյանն իր համախոհությունն է հայտնել Իլհամ Ալիևին:

Դատելով 2022թ. օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարություններից՝ հանդիպումը պետք է համարել պարտվածի շարունակվող ձախողված հանդիպումներից հերթականը առնվազն հետևյալ պատճառներով.

  • Հայտարարություններում որևէ խոսք չկա ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի աշխատանքները վերսկսելու մասին:
  • Եթե 2022թ. մայիսի 23-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ Շառ Միշելն օգտագործել էր «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը» վերաբերող ձևակերպում, ապա 2022թ. օգոստոսի 31-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ Արցախի, արցախահայության վերաբերյալ որևէ արձանագրում չկա:
  • Հայտարարություններում որևէ խոսք չկա 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում) կոպտորեն խախտման արդյունքում Արցախի Հանրապետության Հադրույթի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն օկուպացնելու, նշված գյուղերից տվյալ ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին:
  • Հայտարարություններում արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:
  • Հայտարարություններում արտացոլված չեն 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կոպտագույն խախտմամբ Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժման արդյունքում վերահսկողության տակ վերցված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, գյուղի շրջակայքից, Քարագլուխ նախկին բնակավայրից ու համանուն բարձունքից և հարակից դիրքերից ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին արձանագրումներ:
  • Հայտարարություններում չկա հստակ արձանագրում օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակման և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու մասին:
  • Հայտարարություններում չկան արձանագրումներ առ այն, որ օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման Արցախի նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտում է: Վերջին թարմ օրինակն Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին ներկայացված ապօրինի պահանջն էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ժամկետից շուտ Լաչինի միջանցքով անցնող երթուղին փոփոխելու մասին, ինչին հետևեց 2022թ. օգոստոսի սկզբին Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիան:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930