Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան մարդ ջղայնացավ, ինչքան մարդ ներվայնացավ, ինչքան մարդ վատացավ, քանի կռիվ եղավ այնտեղ, քանի հոգու քանիսին վիրավորեց». Փաշինյանը բողոքեց Սեւանի ճանապարհի խցանումից

Սեպտեմբեր 01,2022 12:08

Այսօր կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորեց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ ասելով. «Խորհրդանշում է մի կողմից աշնան առաջին օր, մյուս կողմից կրթության եւ գիտության իմաստով նաեւ գարնան առաջին օր, որովհետեւ կրթության եւ գիտության բնագավառում գարուն է բացվում»: Նա ներկայացրեց, թե նախարարությունը ֆինանսական ինչ նոր վերաբաշխումներ է անում եւ խոսեց հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերանորոգման մասին:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարեւոր է, որ ցանկացած պահի տեսնեն, թե դպրոցաշինության եւ մանկապարտեզների կառուցման աշխատանքները ինչ փուլում են. «Մեզ համար ճանապարհային քարտեզը՝ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, պետք է հստակ լինի, համոզված պետք է լինենք, որ ճիշտ ժամանակահատվածի մեջ ենք»:

Փաշինյանը խոսեց ֆեդերացիաների մասին՝ ասելով, որ խոշոր մարզական միջոցառումների մեկնելուց առաջ կառավարությունն ընդունում է պատվիրակություններին ու մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ իմանում, որ հավաքականը այս չունի, այն չունի. «Վերջին պահին փորձում ենք աջակցել, դրա համար որոշեցինք, որ ոչ թե ճանապարհելիս այդ հարցերը լուծենք, այլ՝ վերադառնալուց: Այն հարցերը, որոնք բարձրացվել են մեր հանդիպումների ընթացքում, այդ հարցերը լուծելու ենք՝ գույքային եւ այլ աջակցության մասով»:

Փաշինյանն ասաց, որ Արթուր Աբրահամի դպրոցի կառուցման աշխատանքները սկսել են ու դա լավ ավանդույթ է, որ անվանի մարզիկները իրենց բնակավայրերում մարզադպրոցներ ունենան:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը առաջարկով առաջարկում է 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել, վերաբաշխում, փոփոխություններ անել գնման պայմանագրերում ու մի շարք օբյեկտներում իրականացնել շինարարական, նախագծման ու փորձաքննության աշխատանքներ. «580 մլն դրամ է գումարը, որից 549 մլն դրամը շինարարության համար, է մնացածը՝ տեխնիկական հսկողության, փորձաքննության համար: Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում արդեն շինարար կար, բայց խնդիրներ առաջացան, շինարարը չարեց, դրա համար ստիպված եղանք պայմանագիրը խզել: Նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք գումար հատկացնում»: Խոսքը Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամրջի շինաշխատանքների մասին է:

Փաշինյանն ասաց, որ Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի վրա գտնվող կամրջի մասին բան ունի ասելու. «Եթե չեմ սխալվում, Շշերի գործարանի մոտ գտնվող կամրջի մասին է: Ինչը իմ ուշադրությունը գրավեց՝ մենք այդ կամուրջը որ նորոգել ենք՝ շատ լավ ենք արել, գիտենք, որ այդ կամուրջը Երեւան-Սեւան մայրուղու վրա է, եւ մենք գիտենք, որ Երեւան-Սեւան մայրուղին կա ժամանակահատված, որտեղ լինում է մաքսիմալ ծանրաբեռնված: Դա մոտավորապես մայիսի վերջերից մինչեւ օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածն է: Ինչպես կարող ենք գլխի ընկնել, մեր շինարարությունը սկսեց Սեւանի սեզոնի մեկնարկին եւ ավարտվեց Սեւանի սեզոնի ավարտին եւ այդ ընթացքում այդ ճանապարհահատվածում ամեն օր, էլ չեմ ասում շաբաթ եւ կիրակի օրերին ձեւավորվում էին կիլոմետրանոց հերթեր: Սա շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու՝ հատկապես մեր գործերի պլանավորման առումով: Ինչքան մարդ ջղայնացավ, ինչքան մարդ ներվայնացավ, ինչքան մարդ վատացավ, ինչքան մարդ որոշեց չգնա, չգա, քանի կռիվ եղավ այնտեղ, քանի հոգու քանիսին վիրավորեց: Պետք է ուշադիր լինենք, պարոն Սանոսյան, այսքան հարցեր կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930