JAMnews. Ադրբեջանի վարչապետը հյուրի կարգավիճակով մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնականը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի մեկնելուց հրաժարվելուն։ Փորձագետներն ասում են՝ Ադրբեջանում հասարակական կարծիք է նախապատրաստվում երկրի՝ Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար։
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացել է Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Հանդիպմանը որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Հաջորդ օրը Շուշիում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննադատեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձած քաղաքում միջազգային համաժողովին մասնակցելուց հրաժարվելու համար:
Փորձագետների կարծիքով՝ այս երկու իրադարձությունները պատահական չէ, որ հաջորդել են իրար։
Կարդացեք նաև
«Հասարակական կարծիք է նախապատրաստվում»
Ակտիվիստ Բախտիյար Հաջիևը կարծում է, որ Շուշի մեկնելուց հրաժարվելը չպետք է դիտարկվի որպես դեսպանների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
«Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների պաշտոնները պասիվ են։ Ավարտվել է դիվանագիտական առաքելությունների ժամկետը, նոր դեսպանները դեռևս չեն սկսել աշխատանքը»։
Հաջիևը հիշեցրել է Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակի տեքստը. «Այդ նամակում Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասել է, որ երկրի անկախության առաջին իսկ օրից ԱՄՆ-ն եղել է այն պետություններից մեկը, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ակտիվիստի խոսքով՝ պատահական չէ, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հասցեին հնչող քննադատությունների և ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի վարչապետի մասնակցության օրերը համընկել են. «Կարծում եմ, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ պատրաստվում է որոշակի շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան, և հասարակական կարծիք է նախապատրաստվում դրա համար։ Հասարակության մեջ ձևավորվում է հակաարևմտյան կարծիք, որից հետո տեղի կունենա ինտեգրում Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: