Լրահոս
Օրվա լրահոսը

Հետմահու անեծքներ «Գորբաչով» միֆի հասցեին

Սեպտեմբեր 01,2022 10:37

Միխայիլ Գորբաչովի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքները վկայում են, որ մարդիկ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, առաջնորդվում են ոչ թե այս կամ այն պետական գործչի պատմական ծառայությունների եւ ձախողումների սթափ գնահատականներով, այլ այդ անձի մասին միֆականացված պատկերացումներով:

Այսօր Հայաստանում ապրողների զգալի մասն առանձնապես չուրախացավ, երբ 1985-ից հետո կամաց-կամաց վերացան կարծր սահմանափակումները, եւ մարդիկ սկսեցին կարդալ, գրել եւ խոսել այն, ինչը մինչ այդ արգելված էր: Հասկանում եմ, որ դա շատերի համար կարեւոր չէ:

Միջին սերնդի ներկայացուցիչները գուցե իրենց տատիկ-պապիկներից լսել են, որ Գորբաչովն Արեւմուտքի գործակալ էր, եւ մութ ուժերի պատվերով քանդեց «գյոզալական» երկիրը, իսկ ծնողները, թերեւս, տեղեկացրել են, որ Գորբաչովի հրահանգով տեղի ունեցավ «Կոլցո» օպերացիան, եւ նրա թողտվությամբ է, որ Սումգայիթում եւ Բաքվում գազանաբար սպանվեցին եւ խոշտանգվեցին հարյուրավոր հայեր: Այստեղից՝ հետմահու անեծքների գերիշխող տրամադրությունը:

Իրականում՝ Խորհրդային Միության փլուզման գործընթացը, ազգամիջյան բախումները, Խորհրդային հանրապետություններում ազգային (հիմնականում՝ կոմունիստական) էլիտաների ինքնուրույնության ձգտումները շատ ավելի բարդ, բազմաշերտ պրոցեսներ էին: Դրանք հնարավոր չէ կապել միայն մեկ անձի բարի կամ չար կամքի հետ:

Կարո՞ղ էր Գորբաչովը դանդաղեցնել այդ պրոցեսները եւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել նոր միություն ստեղծելու ուղղությամբ: Հավանաբար՝ կարող էր: Բայց, պետք է հաշվի առնել. եթե չկա Կենտրոնը, որտեղից հստակ եւ անվերապահ հրահանգներ են տրվում, եթե չկա հզոր եւ անողոք ռեպրեսիվ ապարատը, որն այդ հրահանգներն իրականացնում է, եթե, վերջապես, գոյություն չունի մեկ կուսակցություն, որն, ըստ էության, իրականացնում է անվերահսկելի իշխանություն, ապա այդ հսկայական երկիրը շատ դժվար կլիներ պահպանել:

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում էինք եւ գուցե հիմա էլ ենք ուզում, որ միաժամանակ լինի ամեն ինչ: Ազատություն, անկախություն, բարեկեցիկ կյանքի սոցիալական երաշխիքներ, բաց սահմաններ, լեփ-լեցուն սուպերմարկետներ, անվտանգ կյանք: Կարճ ասած՝ որ պահպանվեին «Սովետի» բոլոր առավելությունները, բայց դրանց գումարվեին Արեւմուտքի բոլոր բարիքները: Այդպես չի լինում: Ոչ մի Գորբաչով չէր կարող դա ապահովել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930