«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 43 թեկնածուներով։
Օգոստոսի 31-ին՝ կուսակցությունը պաշտոնական շնորհանդեսով սկսեց քարոզարշավը։ Ընտրացուցակը գլխավորում է «Գրանդ Քենդի» ընկերության Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանային տնօրեն, անկուսակցական, 38-ամյա Արա Զաքարյանը։
«Մենք մտնում ենք պայքարի դաշտ քաջատեղյակ լինելով համայնքային խնդիրներին, վստահ լինելով, որ մեր կարողությունները բավարար են համայնքի բարեկարգման, բարենորոգման եւ զարգացման համար։ Միանշանակ, հնարավոր է Սիսիան խոշորացված համայնքը դարձնել այնպիսի վայր, որտեղ մարդիկ կապրեն արժանավայել կյանքով եւ ապագայի նկատմամբ հավատով»,-իր թիմակիցներին դիմելով ասաց ավագանու թեկնածու Իսկուհի Բաղդասարյանը։
Արա Զաքարյանը վստահ է, որ քարոզարշավի 24 օրերին կհասցնեն մարդկանց ներկայացնել իրենց տեղեկացվածությունը համայնքի եւ նրա բնակիչների խնդիրներին, հոգսերին, ինչու չէ՝ կներկայացնեն իրենց ունեցած կարողությունները՝ լուծելու այդ խնդիրները։ «Պիտի ապահովենք Սիսիան համայնքի զարգացումը, հավատ պիտի ներշնչենք, որ միասին կառուցելու ենք ԱՊՐԵԼՈՒ Սիսիան բոլորի համար: Մենք վարելու ենք դրական, ծրագրային քարոզչություն, սիսիանցիներին ներկայանալու ենք մեր ընտրական կարգախոսով՝ «Տեղյա՛կ ենք, կարո՛ղ ենք, կանե՛նք»,-իր ուղերձում նշեց Արա Զաքարյանը:
Կարդացեք նաև
Ըստ թեկնածուի՝ հաղթանակի ձգտելու նպատակն է նաեւ վերջ տալ միմյանց վիրավորելու, անիմաստ թշնամության արատավոր մթնոլորտին, համախմբել բոլոր առողջ ուժերը եւ միասնաբար Սիսիանը դարձնել ուժեղ եւ բարեկեցիկ համայնք:
«Ապրելու երկիր» կուսակցության Սիսիանի ավագանու թեկնածուները շնորհանդեսից հետո շրջեցին փողոցներով, իրենց նախընտրական ծրագիրը բաժանելով ընտրողներին։
Միաժամանակ մեկնարկեց ընտրական ենթաշտաբների աշխատանքը։
Նշենք, որ Սիսիանի ավագանու ընտրություններին, բացի «Ապրելու երկիր» կուսակցությունից, մասնակցելու է եւս 6 ուժ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ