«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի կարծիքով, այսօր համընդհանուր խնդիր ունենք, որի հիմքում պետականություն կորցնելու վտանգն է: Այս համատեքստում, անդրադառնալով նախ ներհայաստանյան իրողություններին, նա շեշտեց. «Նիկոլն իրեն փորձում է մաքրել երկիրը հանձնելու, հողերը վաճառելու, հազարավոր զոհերի, վիրավորների իրողության և բոլոր այս խնդիրներից: Նա ուզում է իրեն այս խնդիրներից առանձնացնել և իրեն մաքրելու փորձի ճանապարհին, օրինակ՝ որևէ կարևոր հանդիպումից առաջ մի մեղավոր է գտնում, որին փորձում է իբր պատասխանատվության ենթարկել, իսկ ժամանակի ընթացքում այդ անձը կա՛մ արդարացվում է, կա՛մ էլ գործը քնում է: Ինչ-որ շոուներ են անում: Օրինակ՝ հիմա մեզ համար ցավոտ՝ հոգևոր Շուշիի թեման են առաջ բերում, զուգահեռ՝ մոռանալ տալով Բերձորի՝ կյանքի ճանապարհի հանձնման մասին: Ու փաստն այն է, որ մարդիկ այսօր այդ մասին անգամ չեն էլ խոսում և իրենց առօրյայով են զբաղված: Բայց և պետք է ասեմ՝ բոլոր նրանք, ովքեր Նիկոլի ձեռքը սեղմել են ու այդ ապազգային անձին ասել «պարո՛ն վարչապետ», պետք է հիշեն, որ իրենք «փուռը գնացող» են, որովհետև Նիկոլը բոլորին «փուռն» է տալու: Նա միշտ մեղավորներ է գտնելու ոչ թե ուժեղների, այլ թույլերի մեջ»:
Գևորգյանը շեշտեց՝ 30 տարի առաջ կարողացանք միասնական բռունցք դառնալ ու պայքարել, արդյունքում եղավ մի որոշում, ըստ որի, ՀՀ-ն տարածաշրջանում դոմինանտ էր լինելու. «Հիմա այս դեգրադացման, մեծամտության, դատարկախոսության, էգոիզմի, Աստծուց հեռանալու հետևանքով եկել ենք ու հասել նրան, որ նշված որոշումը փոխվել է. տարածաշրջանում որոշում է կայացվում ու հիմնավորվում, որ մեր ագրեսոր թշնամին մեզնից ուժեղ պետք է լինի: Այդուհանդերձ՝ վերջնարդյունքը կախված է մեր հանրության որոշումից՝ պատրա՞ստ ենք մենք նշվածի հետ մերվել, թե ոչ: Հիմա չակերտավոր խաղաղության պայմանագրի մասին են խոսում, բայց ի՞նչ խաղաղության, ո՞ւմ հետ: Հիմա վերջնական փաթեթավորվում է Արցախի խնդիրը, Արցախը վերջնական տալիս են ու գալիս արդեն ՀՀ՝ Սյունիք, նաև Տավուշ՝ այսպես կոչված անկլավներ, խոսում անգամ Երևանի ու Երևանի մի քանի հարակից գյուղերի մասին: Արցախը վերջնականապես փաթեթավորված տրվում է, և հիմա դրվում է ՀՀ-ի լուծարման խնդիրը: Մեր ազգն անվտանգություն չի ունենալու այստեղ, և Աստված չանի՝ Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո լավագույն դեպքում դառնալու ենք ՌԴ-ի նահանգ կամ Թուրքիայի վիլայեթ:
Այս վիճակից դուրս գալու և ամեն տեսակի փաստաթղթերը չեղարկելու միակ ճանապարհը միասնական պայքարի դուրս գալն է՝ մի կողմ դնելով անձնական շահերը, մեծամտությունները: Ի դեմս Նիկոլի, այս վարչախմբին պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարող ենք վերանայել մեր հարցերը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։