Լրահոս
Օրվա լրահոսը

Ափ էին նետված մեր դիմագիծն ու մեր վերաբերմունքը Սևանի հանդեպ՝ պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, բաժակներ՝ քեֆ-ուրախության հետեւանքը. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 01,2022 10:15

Սեւանա լճի ջուրը խորհրդային իշխանությունները 1930-ականներից սկսած սկսեցին գործածել, ինչպես այն ժամանակ էին ասում, ինդուստրիալացման համար։ 1933 թ. արդեն սկսվեց լճի ջրի մակարդակի իջեցման ծրագիրը։ Այդ ժամանակ ջրի ծավալը 58.5 մլրդ խմ էր։ Տարիներ շարունակ լճի մակարդակն իջավ այնքան, որ այսօր արդեն ծավալի ցուցանիշը 40 մլրդ խմից էլ պակաս է (2021 թ. հուլիսի դրությամբ՝ 38.4 մլրդ խմ):

Եթե 30-ականներից սկսած Սեւանի անկման մասին հակիրճ ասենք, ապա Սեւանի կղզին դարձավ թերակղզի։

Սեւանա լճի մակարդակի ամենամյա իմ դիտարկումները նույն կետից (Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի պոմպակայանի հատված) տարբեր պատկերներ են արձանագրել։ Մինչ 2000-ականների բարձրացումը լճում երեւում էր պոմպակայանի խողովակը։ Բարձրացումից հետո այդ խողովակը ջրի տակն անցավ։ Հետո սկսեցի ըստ ծառաշարքերի նշումներն անել։ Այն, ինչն այդ տարիներին լճի մակարդակի բարձրացման հետեւանքով անհանգստացնում էր շատերին՝ ճահիճների առկայությունը, ինձ չէր հուզում։ Որովհետեւ դրանք ավազային ճահիճներ էին, եւ լճի մակարդակի հետագա բարձրացումից հետո, այսպես ասենք, մաքրվելու, զտվելու էին։ Բայց՝ բարձրացման պարագայում։ Ու գերխնդիրը դա էր։ Հետո… հետոն այն վիճակն է, որն ունենք այսօր՝ լճից ջրառ, մակարդակի իջեցում, ափամերձ շինությունների առկայություն, մաքրման կայանների խնդիր, լճի «ծաղկում»։ Եվ՝ մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ անփույթ, անսրտացավ, հակահիգիենիկ, հանցավոր։

Լուսանկարներն արվել են օգոստոսի 1-15-ը՝ տարբեր օրերի՝ Ծովինարի, ինչպես գյուղացիներն են ասում, «աղվեսնոցի» ու «քերվըզի (քարվազ) քիթ» հատվածներում։  Ի տարբերություն Նորաշենից Սեւան հատվածի, որտեղ դիտարկում էի արել հուլիսի 16-17-ը, եւ որտեղ ջրիմուռներ էին ու գարշահոտ էր փչում, եւ ի տարբերություն Գավառի հատվածի, որտեղ լճի կապույտն էր կորել, Ծովինարի նշյալ մասերում ոչ գարշահոտ կար, ոչ էլ ջուրն էր կեղտոտ։ Ափ էին նետված ջրիմուռներ, ծառարմատներ ու փայտի կտորտանքներ, բայց ափից 8-10 մ այն կողմ ջուրն այնքան մաքուր էր, որ ոտքերդ ու հատակը երեւում էին։ Բայցեւ ափ էին նետված մեր դիմագիծն ու մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, բաժակներ, մի խոսքով՝ քեֆ-ուրախության հետեւանքը։ Ու, բնականաբար, մաքուր էին այն հատվածները, որտեղ ավազ չկար «քեֆչիների» բազմելու համար։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930