Ինչպես վերջերս անդրադարձել էինք, Հրազդան-Երեւան կանոնավոր երթուղու բացակայության պատճառով Հրազդանի բնակիչներն ամեն օր բախվում են տաքսի-ծառայություններ մատուցող վարորդների կամայականություններին՝ ուղեվարձի թանկացում, երեկոյան ժամերին մեքենա գտնելու դժվարություն եւ այլն։ Հայտնի էր, որ մրցույթը շահած ընկերություն կա, որը մինչեւ օգոստոսի վերջ պետք է սկսեր աշխատել, սակայն պարզ չէր, թե երթուղին ինչու չի սպասարկվում, ուստի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մի շարք հարցեր էինք հղել։ Նախարարությունից հարցմանը պատասխանել են, որ Հրազդան-Երեւան միջմարզային երթուղին սպասարկում է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը։
Ըստ մրցույթով հաստատված ժամանակացույցի՝ որպես տրանսպորտային միջոցների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել օգոստոսի 31-ը, սակայն ընկերությունը դիմել է նախարարությանը՝ ձեռքբերման ժամկետը մինչեւ հոկտեմբեր ամիսը երկարաձգելու խնդրանքով՝ Ռուսաստանում ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու անհնարինության հետ կապված։
Նախարարությունից հայտնում են, որ մրցութային հանձնաժողովն առաջիկա նիստում քննարկելու է ժամանակացույցի վերանայման հարցը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ