Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր պաշտոնապես դռները բացեց ինստիտուտի հենակետային քոլեջը, որտեղ չորս մասնագիտություններում՝ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ, բուժական մերսում, զբոսաշրջություն եւ թիկնապահական գործ, սովորելու են ընդունելության քննությունների մրցույթային շեմը հաղթահարած 95 երիտասարդներ:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն որոշ այլ բուհերի, որտեղ այս տարի ուսանողական թափուր տեղեր են մնացել, ՀՖԿՍՊԻ-ի «սպորտուս» հենակետային քոլեջում ընդունելությունը կատարվել է մրցույթով:
Քոլեջին ինստիտուտի առաջին հարկում տրամադրվել են նորոգված լսարաններ, սակայն դասերն անցկացվելու են բուհի ամբողջ տարածքում՝ սովորողները օգտվելու են մարզումային դահլիճներից, առարկայական կաբինետներից:
Այս առիթով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանն Aravot.am-ին ասաց. «Մեր ինստիտուտի ռազմավարական ծրագրի հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը. ստեղծել ուսումնառության եւ մարզումային հնարավոր առավելագույն պայմաններ եւ դրանից հետո ուսանողներից պահանջել ուսման որակ: Այս ամռանը նույնպես բարենորոգման լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել»:
Կարդացեք նաև
Քոլեջի տնօրեն Նելի Սարգսյանն էլ ավելացրեց, որ ի տարբերություն Երեւանի եւ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջների, որոնց հիմնական առաքելությունը բարձրակարգ մարզիկներ պատրաստելն է եւ ազգային հավաքականները համալրելը, իրենք պատրաստելու են կոմպետենտ սերունդներ, որոնք կհամալրեն բուհի բակալավրի եւ մագիստրատուրայի կազմը եւ կապահովեն կրթության շարունակականությունը՝ հետագայում դառնալով ինստիտուտի համար անհրաժեշտ մասնագետներ: Այլ կերպ ասած, այստեղ իրենց մասնագետներին տեղում են կրթում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ