Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհայացքային որոշ հարցերի, խնդիրների մասին

Սեպտեմբեր 01,2022 09:00

Իմ նախորդ «Քաղաքականության և քաղաքական մեր դաշտի թարմացման անհրաժեշտության մասին» («Առավոտ» 21 օգոստոսի) հոդվածում ես հիմնականում անդրադարձել էի մեր առջև դրվող որոշ խնդիրների, ինչպես նաև անցյալից ժառանգված աշխարհընկալման անհիմն կարծրատիպերից ազատվելու և կարող նոր ուժերի, անձանց ներգրավմամբ այդ դաշտը համալրելու անհրաժեշտությանը: Հատուկ նշել էի նաև սերնդափոխության կազմակերպման կարևորությունը: Եվ առաջարկել էի մեր ապագայով մտահոգ գործիչներին իրենց գիտելիքներով, փորձով կիսվել նորեկների հետ:

Հույս ունեմ նաև հարգելի ընթերցողներ, որ Ձեր օգնությամբ առաջիկայում կձևավորվի քարոզչական լայն կարողություններ ունեցող համախոհների մի հզոր խումբ, որը ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն էլ կնպաստի:

Եվ քանի որ գտնում եմ, որ այն պետք է կառուցվի խորքային, գաղափարական ամուր հիմքերի վրա, որոշեցի աշխատության այս բաժնում շարադրել նաև իմ մտորումները աշխարհայացքային որոշ հիմնախնդիրների մասին միգուցե այն օգտակար լինի:

Նախ` ժողովրդավարության հիմնական մի սկզբունքի մասին:

Համատեղ քննարկված, ընդհանուրի հավանությանը արժանացած լուծումները որպես կանոն ավելի լավն են լինում, քան մեկ անձի կողմից պարտադրվածը, թելադրվածը: Եվ հնարավոր բոլոր դեպքերում նպատակահարմար է, որ կարևոր որոշումները այդ ճանապարհով ընդունվեն:

Չնայած մեզանում հաճախ է խոսվում մասնագետներից կազմված իշխանական կառույցներ ունենալու անհրաժեշտության մասին, բայց կարծում եմ՝ դա որոշ չափով սխալ մոտեցում է: Առավել ևս ներկայացչական մարմինների դեպքում:

Հանրային կյանքի ուղղորդման, կառավարման, փոխհարաբերությունների կարգավորման ոլորտները իրոք շատ ընդգրկուն են, շատ փոխկապակցված: Եվ պատգամավորները, օրինակ` աշխարհայացքային հստակ պատկերացումներ, համոզմունքներ, այսպես ասված, հանրագիտական հակումներ ունեցող անձիք պետք է լինեն, որ կարողանան մասնակցել բոլոր քննարկումներին: Եվ ոչ թե իրենց նեղ մասնագիտությանը առնչվող խնդիրներին միայն անդրադառնան:

Ժողովուրդ, երկիր, պետություն կառավարելու հավակնություն ունեցողները պետք է փորձեն ամենաընդհանուր հարցերի մասին էլ բավական հստակ պատկերացումներ ունենալ: Գերի չդառնալ այլոց թելադրած մոտեցումներին, մասնավորապես աշխարհընկալման կարևորագույն հարցերում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս դարում, կարծում եմ շատ ավելի ակնհայտ է դարձել որոշակի բովանդակությամբ ինֆորմացիայի՝ ամրագրված տեղեկությունների, տվյալների, գործունեության կազմակերպման ծրագրերի՝ նրանց մշակման համակարգերի բացառիկ դերն ու նշանակությունը: Եվ կարծում եմ՝ մեր քաղաքական գործիչները գոնե պետք է կարողանան վերջապես ազատվել անցյալից ժառանգված մատերիալիստական այն անհիմն պատկերացումներից՝ որոնցով փորձ էր արվում ամեն ինչում առաջնությունը տալ նյութականին: Եվ որպես անբեկանելի փաստ պահանջ էր դրվում ընդունել, որ աշխարհը՝ իր ներդաշնակ բնությամբ, բազմաբնույթ, բազմատեսակ, համագործակցող և մրցակցող, և այդ ճանապարհով կատարելագործվող իր էակներով, նրանց գենոտիպերով, գենոֆոնդերով և վերջապես մարդկությամբ՝ իր համամարդկային, սահմաններ չճանաչող քաղաքակրթությամբ, ինչ որ անհասկանալի ֆիզիկական, քիմիական փոխազդեցությունների, չղեկավարվող, պատահական նյութափոխանակումների արդյունքում է, կազմավորվել:

Կարծում եմ, արդյունավետ կառավարմանը, կարգավորմանը առնչվող քաղաքական խնդիրները լուծելիս իրոք շատ կարևոր է նախ պարզել թե ինչը ինչի համար է, ինչ ուղղությամբ և ինչպես կարող է այն փոխվել: Կարծում եմ, ժամանակն է վերջապես հասկանալու, որ մեզ շրջապատող այս աշխարհը որոշակի նպատակով է ստեղծվել: Եվ այն նախապես տրված կանոններով ձևափոխվող, ինքնակատարելագործվող, ստեղծագործելու համար ստեղծված, մի ամբողջական ստեղծագործություն է:

Մեզանում շատերն են իրենց քրիստոնյա համարում, թե որքանով է դա հիմնավոր՝ այլ հարց է: Բայց կարծում եմ՝ այստեղ իմաստ ունի նաև Սուրբ գրքին անդրադառնալ:

Սկսեմ նրանից, որ նախ Ձեր ուշադրությունը հրավիրեմ լեզվաբանների այն պնդման վրա, որ Աստվածաշնչի թարգմանության ժամանակ (ինչը հաստատվում է նաև այլ լեզուներով թարգմանությունները համեմատելիս) «բան» բառը օգտագործվել է խոսք, գաղափար, պատկերացում, իսկ ժամանակակից լեզվով ասա՝ծ կոնտենտ, որոշակի բովանդակությամբ ինֆորմացիա իմաստով:

Եվ հետո նոր մեջբերելով Հովհաննեսի ավետարանից մի փոքր հատված, փորձեմ տալ դրա մեկնաբանությունը:

«Սկզբում էր Բանը և բանը Աստծո մոտ էր, բանը աստված էր, նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նորանով եղավ և ոչինչ առանց նորան չեղավ, ինչ որ եղավ, նորանով էր կյանքը»։

Աստվածաշնչում փաստորեն ասվում է, որ նորանով, Աստծո մոտ եղած «բանով», որոշակի բովանդակություն ունեցող ինֆորմացիայով եղավ, որ նա կարողացավ 6 օրում (իհարկե, սա կարևոր չէ) քաոսից ձևավորի աշխարհը, լույսն անջատի խավարից, երկինք ու երկիրը, բույսերը, կենդանիները, մարդուն, ամեն ինչ ստեղծի և գնահատական էլ տա իր ստեղծածին՝ ամեն քայլին ասելով, որ դա բարի է ( իր կողմից ստեղծվածը համապատասխանում է դրված նպատակին): Աստվածաշնչում էլ է փաստորեն ասվում է, որ առաջնայինը «բանն» է, նպատակը, նախագիծը, նրա բովանդակությունը և որ ըստ նրան է ամեն ինչ ստեղծվում: Ստեղծվում միայն նրա միջոցով:

Սուրբ գրքում այնուհետև ասվում է նաև, որ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով: Բնական է, որ խոսքը ֆիզիկականի, քիթ, բերան, ոտքեր, ձեռքերի մասին չէ` Աստծուն դրանք պետք էլ չեն: Այլ այն մասին է, որ Աստված ստեղծեց մարդուն իր նման ստեղծագործելու կարողությամբ և հնարավորություն տվեց նրան նույնպես իր նման՝ ինֆորմացիայի, տեղեկությունների՝ «բանի» օգտագործմամբ, իր ազատ կամքով ստեղծագործելու:

Չնայած ես այդքան էլ խորը հավատացյալ չեմ և բոլորովին չեմ ընդունում, որ ամեն ինչ միանգամից, առանց ինքնազարգացման է կազմավորվել: Եվ որ այդ «բան» կոչված էլ ամբողջությամբ ի սկզբանե տրված լինել չեր կարող: Եվ նա էլ, այսպես ասված, հետադարձ կապի ճանապարհով էապես փոխվում է: Եվ համոզված եմ նաև, որ այդ «բանով ստեղծված» աշխարհը՝ ընդհակառակը ստեղծվել է հենց այդ «բանի», նրա բովանդակության, ստեղծագործական նրա կարողությունների կատարելագործման համար:

Իհարկե, ավելին պահանջել Սուրբ գրքից չի կարելի, սակայն այս մեջբերումն էլ է լրացուցիչ հիմք տալիս պնդելու, որ առաջնայինը նյութականը չէ: Նյութականը ընդամենը խայծն է, այն մրցատախտակը, որի վրա իրենց ուժերն են չափում ստեղծագործելու կարողություն ունեցող սուբյեկտները:

Այն, որ որոշակի նպատակով է ստեղծվել մեր էկոհամակարգը, կարող է այսօր էլ դեռ շատերին քիչ անսովոր թվալ: Բայց աշխարհայացքային շատ կարևոր այդ պնդման և դրանից բխող հետևանքների մասին արժե գոնե խորհել: Եվ ես կարծում եմ՝ ընթերցողներին էլ հետաքրքիր կլինի հաջորդաբար կարդալով հետևյալ հարցերը՝ փորձել գտնել դրանց, իրենց պատասխանները.

Ինչի համար է օրգանական աշխարհի այս խայտաբղետ բազմազանությունը` վիրուսները, բացիլները, միաբջիջ, բազմաբջիջ կենդանիները, բույսերը, մարդիկ։

Ինչու են պարբերաբար կիսվում բջիջները, ինչու են որոշակի հաջորդականությամբ ծնվում և մեռնում բոլոր այդ էակները, այդ թվում մարդիկ։

Որքանով է հիմնավոր Դարվինիզմը։ Ինչով է պայմանավորված տեսակների կենաց-մահու պայքարը, սննդային շղթան, ինչպես նաև ներտեսակային համագործակցությունը և ներտեսակային մրցակցությունը:

Եվ մարդիկ ու նրանց կազմակերպված խմբերը նույնպես ինչո՞ւ են անընդհատ մրցում իրար հետ: Ի՞նչն է պատճառը, որ ձևավորվում են մարդկանց կազմակերպված խմբերը, պետությունները, ժողովուրդները: Եվ նրանք էլ ինչու նորից ու նորից, երբեմն համագործակցելով, երբեմն էլ շատ դաժանաբար, անընդհատ պայքարում են իրար դեմ։

Որքանով է դա պայմանավորված ժառանգվող, նախօրոք ամրագրված գործունեության ծրագրերով, ուղղորդող արժեքներով, բնազդներով և որքանով կյանքի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բնույթով։

Ինչ ենք մենք հասկանում գենոֆոնդ, կյանքի փորձ, հիշողություն, իրար փոխանցվող, ընդհանուրի օգտագործման համար նախատեսված տեղեկատվական տարածք, սոցիալականացում, արժեքային համակարգ, քաղաքակրթություն ասելով.

Որպես ամբողջություն ինքնակարգավորվող, ինքնազարգացող սուբյե՞կտ է արդյոք հազարամյակների մեջ ապրող մարդկությունը, ինքնակատարելագործվող իր քաղաքակրթությամբ։ Եվ եթե այո, ինչպես է այն գործում և որն է մեր`այսօրվա ապրողների դերը նրա այդ պատմության կոչվածի մեջ:

Եվ վերջապես՝ կան արդյոք ավելի խորքային կարգավորող կանոններ, այսպես կոչված պատմական անհրաժեշտություն:

Իհարկե,  դարեր շարունակ մարդիկ մտածել, խորհել են այդ հարցերի մասին, փորձել են հասկանալ, բազմաթիվ տրակտատներ են գրել: Սակայն ցավոք՝ հաճախ էլ պրիմիտիվ մատերիալիզմի կամ «աստծո ճանապարհներն անքննելի են» լոզունգի շրջանակներում, շատերն էլ ընդհակառակը անընդհատ փորձել են քարոզել, որ իմաստ էլ չունի մտածել այդ հարցերի մասին, դրանք մեկ է՝ մեր համար անհասանելի, անհասկանալի են: Եվ չարժե իզուր տեղը ավելորդ ժամանակ, էներգիա ծախսել դրանց վրա:

Ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ հարցերը իրոք շատ կարևոր են և ընկալելի: Իհարկե այդ հարցերի պատասխանները փորձնական ճանապարհով հնարավոր չէ ապացուցել, դրանք աշխարհայացքային հարցեր են, բայց առանց դրանց մասին հիմնավորված կարծիք ունենալու իրոք չի կարելի զբաղվել քաղաքական գործունեությամբ: Եվ քաղաքական գործիչները գոնե, որոնք հավակնում են երկիր, պետություն, ժողովուրդ կառավարել՝ ուղղակի պարտավոր են ոչ միայն դրանց մասին մտածել, այլ պետք է որոշակի համոզմունքներ էլ ունենան և դրանց հիման վրա միայն մշակեն ապագային առնչվող ծրագրերը:

Ավելին՝ այսօր երբ մեր ժողովուրդը կանգնած է ճամփաբաժանին, երկընտրանքի առջև, և շատ կարևոր է, թե ինչ ուղի կընտրվի՝ նրանք ուղղակի պարտավոր են իրենց այդ համոզմունքների մասին տեղեկացնել հանրությանը:

 Շարունակելի.

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930