Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Արդարություն» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների «Դեպի միասնություն» դաշինքը՝ օգոստոսի 31-ին պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
«Միասին՝ հանուն Քաջարանի» այս կարգախոսով է շարժվելու դաշինքը, քանի որ այն օրվա հրամայականն է ու այսօր միասնությունը միակ ճանապարհն է։ Ցուցակի երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցնող Հովիկ Մարգարյանն ու Արեւիկ Հայրապետյանը ներկայացրեցին դաշինքի առաջիկա 5 տարվա ծրագիրը՝ համառոտ անդրադառնալով տնտեսությանը, գյուղատնտեսությանը, քաղաքաշինությանը,առողջապահությանը, կրթությանը, մշակույթին եւ այլ ոլորտների։ Ներկայացվեց նաեւ կատարված աշխատանքը։
Դաշինքի համակիրները բուռն ծափահարություններով դիմավորեցին իրենց առաջնորդին՝ Մանվել Փարամազյանին։ Նրա խոսքով՝ քաջարանցին միշտ համախմբվել է՝ հաղթահարելով ամեն ինչ։ Մանվել Փարամազյանը գալիս է, որպեսզի միասնությամբ շարունակի կիսատ թողած գործը։ «Մեր ազգի պատմությունն անընդհատ պայքարի անվերջանալի շարք է, որում հաղթանակների պակասը միայն մեկ պատճառ ունի՝ պառակտում։ Մենք միասնաբար պետք է ընտրենք միասնությունը՝ հանուն մեր ապագա հաղթանակների, պատմության մեջ մեր արժանապատիվ տեղն ամրագրելու եւ հանուն Քաջարանի»,-դիմելով ընտրողներին ասաց Մանվել Փարամազյանը։
Կարդացեք նաև
«Դեպի միասնություն» դաշինքի ընտրական բուկլետները բաժանելուց հետո բոլորը հրավիրվեցին՝ նախապես խմելու հաղթանակի կենացը՝ դասական երաժշտության ներքո։ Իսկ մինչ այդ ներկայացվեց նաեւ «Դեպի միասնություն» դաշինքի հիմնը։
Հիշեցնեմ, որ «Դեպի միասնություն» դաշինքի հետ Քաջարանի ավագանու ընտրություններում պայքարելու են «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ