«Ապագա Հայկականից» առաջ կայացած «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ հանդիպումից առաջ «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մշակվելու է համաժողովի փորձագիտական հենքը, փաստաթղթերը, վեր են հանվելու այն խնդիրները, որոնք քննարկվելու են համաժողովի ժամանակ:
«Օրակարգը, խնդիրները եւ հնարավոր առաջարկները մշակվելու են հանձնախմբի կողմից՝ փորձագետների առաջարկությամբ եւ մասնակցությամբ, իսկ կարեւորն այն է, որ կարողանանք փորձագիտական հենքի վրա հիմնվել, որպեսզի արդեն համաժողովի ժամանակ որոշումներն ունենան բավարար հենք»,-հավելեց նա:
Իսկ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ պետք է լինեն, որպեսզի նման հենք լինի՝ այս հարցին ի պատասխան, պարոն Ապիտոնյանը նախ նշեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բազմաոլորտ են, բազմաշերտ, եւ մեկ համաժողովով հնարավոր չէ այդ ամենին անդրադառնալ:
Կարդացեք նաև
«Կարեւոր է նախանշել՝ ի՞նչ ապագա նպատակներ ուենենք՝ միասնականությունն ապահովելու ուղղությամբ, ի՞նչ բացեր, որ պետք է լրացնել, ի՞նչ ինստիտուտներ պետք է ձեւավորել: Ընդ որում` խոսքը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական ինստիտուտներին, այլեւ իրավականին: Պետք է հնարավորինս կարողանանք բերել եւ Սփյուռքի ներգրավածությունը, եւ Հայաստանի փոխգործակցությանը Սփյուռքի հետ, պետք է առավելագույնս ռացիոնալ օգտագործենք եւ հայրենիքի, եւ Սփյուռքի ներուժը»,-ասաց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:
Ընդգծեց, որ կարեւոր է, որպեսզի բոլոր քննարկումները լինեն բաց ու թափանցիկ, ինչպես մասնակիցների ներառականության, այնպես էլ գաղափարների առումով:
Մեր հարցին՝ արդյոք մինչեւ հիմա ճիշտ է օգտագործվել Սփյուռքի ներուժը, պարոն Ապիտոնյանը պատասխանեց, որ եղել են ինչ-ինչ հրաշալի ծրագրեր, հաջողված դեպքեր: Նրա խոսքով, սակայն, այդ հարցում ինստիտուցիոնալ առումով պիտի հասնենք հնարավորինս լայն հանրային վստահության եւ համերաշխության:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ