Փամբակ խոշորացված համայնքի Բազում բնակավայրում տեղադրվեց հիշատակի խաչքար՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակի համար:
Խաչքարի օծման և հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Աժ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզի ԿԳՄՍ վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների հարազատները, զինվորականներ, համայնքի բնակիչներ:
Խաչքարն օրհնվեց ձեռամբ Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Հանուն հայրենիքի նահատակված ութ հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը կառուցվել է Կամո Եղիազարյանի բարերարությամբ, ով ծնունդով Բազում գյուղից է։
Կարդացեք նաև
Բազում բնակավայրից արցախյան պատերազմներին շատերն են մասնակցել և 90-ական թվականներին, և վերջին՝ 44-օրյա մարտերին: Հերոսացած տղաների անուններն այսօր հավերժանում են այս հուշահամալիրում:
– Այս հայորդիները հայրենիքի մասին անսահման սերը ստացել են հայրենի Բազում համայնքում: Նրանք չխնայեցին իրեն կյանքը հանուն հայրենիքի: Գլուխ ենք խոնարհում նրանց շիրիմներ առջև: Մենք՝ ապրողներս, պետք է գիտակցենք, որ մեր հայրենիքի հզորացման համար յուրաքանչյուրս մեր բաժին անելիքն ունենք, հայրենիք շենացնելը` յուրաքանչյուրի գործն է,- իր խոսքում ասաց Գոռ Ասրյանը:
Լոռու մարզպետարան