Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ ուսանող ունի Շիրակի մայր բուհը, կթանկանա՞ այստեղ ուսման վարձավճարը․ ռեկտորի պարզաբանումը

Օգոստոս 31,2022 21:55

Ուսումնական այս տարում ինչպես հանրապետության շատ բուհերի, այնպես էլ Շիրակի պետական համալսարանի ուսանողների թիվը զգալիորեն նվազել է․ կան բաժիններ, որոնք ընդհանրապես ընդունվողներ չեն ունեցել, կան բաժիններ էլ, որտեղ 1-2-3 հոգի են ընդունվել։

Բուհերի պատասխանատուները ստեղծված իրավիճակը մեծամասամբ պայմանավորում են ընդունելության երկրորդ քննության ավելացմամբ։

Շիրակի մայր բուհի սոցիոլոգիայի բաժինը, որտեղ ամեն տարի մեծ թվով դիմորդներ են ընդունվել, այս տարի՝ պայմանավորված ընդունելության քննություններում մաթեմատիկայի ներմուծմամբ, առաջին կուրսում ունի ընդամենը մեկ ուսանող։

Լրագրության, ռուսաց լեզվի բաժիններ էլ մեկական ուսանողներ ունեն, իսկ բուհի 4 բաժիններ, դրանք են՝ մաթեմատիկա, հաշվապահական-հաշվառում և հարկում, քարտեզագրում և կադաստրային գործ, աշխարհագրություն, ընդհանրապես ընդունվողներ չունեն։

Շիրակի մայր բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանի տեղեկացմամբ՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերի տեղերում այս ուսումնական տարում ընդունվել են 196 դիմորդներ, որը նրա խոսքերով՝ «փոքր թիվ է» նախորդ տարվա հետ համեմատ։

Երվանդ Սերոբյանի տեղեկացմամբ, երեկ ավարտվել է մագիստրատուրայի 2-րդ փուլի ընդունելությունը, 196 դիմորդներից 188-ը ընդունվել են։

«Մենք ունենք բաժիններ՝ հատուկ մանկավարժություն, իրավագիտություն, որտեղ իսկապես մրցույթ կար, մեր ունեցած տեղերից ավելի մեծ թվով դիմորդներ ունեինք, կարելի է ֆիքսել, որ 188 հոգի ընդունվել են մագիստրատուրա։

Գործնականում մենք այս պահին ունենք 384 մագիստրատուրայի և առկա բակալավրիատ ընդունվածներ։

Անցած տարի բուհն ավարտել է 510 ուսանող, առջևում դեռ հեռակա բաժնի քննություններ են, փաստաթղթերի ընդունումը սկսվում է սեպտեմբերից 5-ից, ավարտվում է 25-ին, իսկ քննությունները հոկտեմբերի 20-27-ն են, և դրանից հետո նոր կունենաք ամբողջական պատկեր»,-ասում է բուհի ռեկտորը։

Երվանդ Սերոբյանը ընդունելության երկրորդ քննության ավելացումը համարում է ճիշտ որոշում՝ կրթության որակի տեսանկյունից և առավել քան համոզված է, որ եկող տարի դիմորդներն ավելի պատրաստված կլինեն երկրորդ քննությանը և պատկերը կշտկվի։

«Ճիշտ է, ունեցանք ուսանողների թվի կորուստ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց պիտի հաղթահարեք այդ պահը, դա ի օգուտ էր կրթության որակի»,- ասում է Երվանդ Սերոբյանը։

Նա նշում է, որ ՇՊՀ-ն ևս ծրագրեր է մշակում դիմորդներին ընդունելության քննության նախապատրաստելու, դպրոցների ուսուցիչներին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Ի դեպ, Շիրակի մայր բուհում  բոլոր մասնագիտությունների համար հանրապետությունում ամենացածր վարձավճարն է սահմանված։ Բուհի ռեկտորը նշում է, որ վարձավճարի փոփոխություն տեղի չի ունեցել, սեպտեմբերի գիտխորհրդի նիստում այդ հարցը հաստատ կքննարկեն։

«Դա ոչ թե կամայականություն է կամ մեր քմահաճույքը, այլ թելադրված է օբյեկտիվ հիմնավորումներով, կքննարկենք գիտխորհրդում, եթե փոփոխություններ լինեն, բնականաբար բոլորը կիմանան։ Բայց ուզում եմ շեշտել․ ովքեր ընդունվել են այս տարի, նրանց համար վարձավճարի փոփոխություն չկա, այդ վարձավճարները նախապես հաստատվում են։

Իրենք ծանոթ են եղել վարձավճարի չափին, իսկ ընթացքում վարձավճարը փոփոխվել չի կարող։ Եթե լինեն փոփոխություններ, դրանք կլինեն հիմնավորված, փոփոխություններ գործնականում եղել են հանրապետության բոլոր բուհերում, եթե մենք էլ անենք, դա կվերաբերվի եկող տարիներին ընդունվողներին», -պարզաբանում է բուհի ռեկտորը։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե բուհը հանրակացարանների շենքեր կտրամադրի՞ Գյումրիից դուրս բնակվող ուսանողների համար, որպեսզի թեթևացնի նրանց բեռը, ստիպված չլինեն տներ վարձակալել։

Ռեկտորը պարզաբանեց, որ այս հարցը 3-4 տարի առաջ քննարկվել է հոգաբարձուների խորհրդի նիստում, դեկանները հարցում են անցկացրել, թե քանի ուսանող կուզենար բնակվել հանրակացարանում։ Պարզվել է, որ թիվը  շատ քիչ է․ ընդամենը 10-15  ուսանող է ցանկություն հայտնել։ Բուհի ռեկտորն ասում է, որ համալսարանն ունի մասնաշենքեր, որոնք ֆինանսական միջոցներ գտնելու  դեպքում կվերանորոգեն։

Ըստ Երվանդ Սերոբյանի, բուհը փորձում է գտնել ծրագրեր, եթե ստացվի, դրանք կվերանորոգի ու կառանձնացնի հանրակացարանի մասնաշենք, թեկուզ քիչ թվով՝ 20-25  մահճակալներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031