Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. «Եթե հանրությունը, քաղաքական էլիտան թույլ լինեն, Նիկոլը պետք է գտնի պատասխանատուներ եւ մեղավորներ, այդ թվում՝ Շուշիի խայտառակ հանձնման, ես կասեի՝ նվիրաբերման»

Օգոստոս 31,2022 22:15

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայելի» ակումբում խոսելով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում թույլ տրված անփութության պատճառով ձերբակալելու մասին՝  ասաց. «Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չհետեւեց Նիկոլի հրաժարականը, չհետեւեց նրա կալանավորումը, Հայաստանը մտավ մի փուլ, որը կարելի է անվանել չգոյության փուլ:

Որովհետեւ ինչ տեղի է ունենում, սա ֆանտաստիկ կինոյի ժանրից է, որ չպետք է լիներ: Այսինքն, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը Նիկոլը չպետք է ղեկավարեր: Դա հակատիեզերական է, հակաքաղաքագիտական է, չի բխում մեր պետության շահերից, ոնց ուզում եք նայեք: Իհարկե, եթե հանրությունը թույլ լինի, եթե քաղաքական էլիտան թույլ լինի եւ առաջնորդվի նեղ անձնական, նեղ թիմային շահերով, բնականաբար, Նիկոլը պետք է գտնի պատասխանատուներ եւ մեղավորներ, այդ թվում՝ Շուշիի խայտառակ հանձնման, ես կասեի՝ նվիրաբերման:

Այն ինֆորմացիան, որ ես ձեռք եմ բերել, երբ ստեղծեցի «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը, դրանցից շատերը դիտավորյալ չեմ բարձրաձայնում, որովհետեւ, նախ այս պահին անիմաստ է բարձրաձայնելը, որովհետեւ դրանով ես երկրին ոչ մի օգուտ չեմ տա, բայց մեծագույն ցավ կպատճառեմ այն նահատակ տղաների ծնողներին, որոնք կլսեն ինձ:

Ես կարճ ասեմ. Շուշիի հանձնման, նվիրաբերման միակ մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլն է: Այդ մասին ինքը եւս շատ լավ գիտի: Իհարկե, երբ ասում եմ միակը, դա չի նշանակում, թե ինքը խմբակիցներ, թիմակիցներ չի ունեցել: Իհարկե, ունեցել է գործիքներ, որոնց միջոցով նա դա իրականացրել է: Բայց իմ համար էականն այն է, որ նա իր ՖԲ էջում նոյեմբերի 9-ին գրում էր. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Այդ ամենը իմ մոտ արձանագրված կա:

Ես ուզում եմ հիշեցնել Ազգային Ժողովում, երբ մենք բոյկոտում էինք նիստերը, այդ ժամանակ ինքը գտնվելով ցնցակաթվածային վիճակում, կամ ինչ-ինչ խնդիրեր լուծելու համար դիտավորությամբ, ասաց մի բան, որը հերիք էր նրան ձերբակալելու եւ կալանավորելու համար: Նա հայտարարեց. «Մի՞թե չեք հասկանում, որ պատերազմը Շուշիի համար էր»: Դա շատ ավելի խորը նշանակություն ունի, քան մարդիկ հուզական ասում են՝ տեսեք ինչ ասաց: Դա շատ ավելի ծանր հայտարարություն էր, քան այն, թե մենք կարող էինք ստանալ նույն վիճակը, բայց առանց զոհերի»:

Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ ապրիլի 26-ին ինքն է առաջինը նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու եւ կալանավորելու գործընթացը, որին մասնակցել են հարյուրավոր զոհվածների ծնողներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031