Նոյեմբերին 11-13-ին Երեւանում կանցկացվի «Ապագա Հայկականի» առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովին ընդառաջ էլ կայացավ «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ հանդիպումը՝ Արամ Աբրահամյանի ղեկավարությամբ:
Պարոն Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կփորձեն լսել միմյանց, ինչ-որ բաներ ամփոփել եւ գտնել նոր բաներ, որոնք բոլորին միավորում են:
Նրա ձեւակերպմամբ, արդեն Անկախության պարագայում, կան ինչ-որ բաներ, որոնք պետք է վերաթարմացնել. «Ցավոք, մեր հասարակության կողմից երբեմն Սփյուռքն ընկալվում է որպես տուրիստ, որը գալիս է Հայաստան ու փող է ծախսում, իսկ սփյուռքահայերի համար մենք այն մարդիկ ենք, որոնք փորձում են ինչ-որ գործ կպցնել ու մի քիչ հարստանանք: Այդ բոլոր նախապաշարմունքներից պետք է հրաժարվել եւ համազգային օրակարգ ձեւավորել»:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը պետք է հանգույց լինի, որտեղ ծնվում, բյուրեղանում են համազգային գաղափարները, եւ ընկալենք, որ մենք ոչ թե երեք միլիոն ենք, այլ տասը միլիոն:
Նրա համոզմամբ, Սփյուռքի ներուժը մինչեւ վերջ չի օգտագործվում, ու այստեղ պետք է ներմուծել նոր մեթոդներ:
«Պետք է հասկանալ, թե ով է փորձագիտական քննարկումների հասցեատերը, թե ինչի համար ենք քննարկում, ինչ պրոդուկտ ենք ակնկալում ստանալ, եւ ում ենք դա ներկայացնելու»,-ասաց Արամ Աբրահամյանը՝ բացելով «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի անդրանիկ նիստը:
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը հիշեցրեց, որ «Ապագա Հայկականը» հիմնադրվել է անցյալ տարվա ապրիլին եւ նպատակ ունի համախմբելու հայության ներուժը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, ձեւավորելու ապագային ուղղված տեսլական եւ նպատակներ, որոնց հայությունը, որպես ընդհանուր հանրություն, ուզում է հասնել եւ հայրենիքում եւ Սփյուռքում: Նա նշեց, որ դրա համար մշակվել էին 15 նպատակներ, որոնք առկա են հիմնադրամի կայքում ՝ սկսած ընդհանուր տեսլականի սահմանումից:
«Դրանք վերաբերվում են նաեւ անվտանգային խնդիրներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Արցախի հիմնահարցին, Սփյուռքի կառույցների ուժեղացմանը, տնտեսական հզորացմանը, գիտության, տեխնոլոգիաների օգտագործմանը, կառավարման համակարգին եւ այլ կարեւորագույն ոլորտներին, որոնցում կարիք ունենք արմատական փոփոխությունների ու նպատակների սահմանման»,-ասաց պարոն Ապիտոնյանը:
Ապա հավելեց, թե ինչու է սահմանվել համաժողովի անցկացումը. «Ինչ-որ մի պահի ըմբռնում եղավ նախաձեռնության համահեղինակների կողմից, որ պետք է քննարկումները կրեն հանրային բնույթ: Նախընտրությունն էլ տրվեց «քաղաքացիական ասամբլեա» մոդելին, որը մշակվել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում, բայց բազմաթիվ երկրներում ունեցել է շատ հաջող կիրառություն»:
Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ հատկապես հիմա, առավել քան երբեւէ կարիք կա հանրությանը մասնակից դարձնել կարեւորագույն խնդիրների քննարկմանը եւ հնարավոր լուծումների մշակմանը. «Քաղաքացիական ասամբլեան ձեւավորվում է հանրության ներկայացուցիչներից, սակայն ներկայացուցչական ընտրանքի սկզբունքի հիման վրա: Պահպանվում են երկրի բոլոր վիճակագրական չափանիշները, տվյալ դեպքում՝ հաշվի առնելով, որ մենք նաեւ Սփյուռքին ենք ներգրավելու՝ նաեւ Սփյուռքի»:
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը կարեւորեց հենց Հայաստանի ներսում միասնականությունը, միասին քննարկումներ ունենալու մշակույթի ներդրումը, ներառականությունը, ասաց, որ նախաձեռնությունը բաց է բոլորի առաջ. «Բոլոր փորձագետները, եթե ցանկություն ունեն, կարող են մասնակցել քննարկումներին, եւ ընդհանրապես ՀՀ ցանկացած քաղաքացի եւ Սփյուռքի ցանկացած հայրենակից կարող է գրանցվել, ընտրվել եւ մասնակցել համաժողովին»:
Պարոն Ապիտոնյանի խոսքով, իրենց նպատակն է հնարավորինս համապարփակ փորձագիտական կարծիք ձեւավորել՝ բոլոր հնարավոր տարբերակները դնելով սեղանին եւ քննարկելով հնարավոր լուծումները: Հավելեց, որ նախ ձեւավորելու են փորձագիտական հանձնախմբերը, կլինի երեք հանձնախումբ, որոնք երկու ամիս զուգահեռ կաշխատեն: Գործողությունների վերջին փուլում կձեւավորեն նաեւ համագործակցային ցանց: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ հավասար թվով փորձագետներ կլինեն Սփյուռքից եւ Հայաստանից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ