Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Շառլ Միշել

Օգոստոս 31,2022 20:55

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ քննարկումներն ուղղված են եղել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին և ԵՄ-ի և երկու երկրների հարաբերություններին։

«Մեր [մտքերի] փոխանակումները բաց և արդյունավետ էին, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք քննարկեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միշելը դրական է գնահատել այն հանգամանքը, որ «վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ մղելու համար մի քանի քայլեր են ձեռնարկվել»:

«Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մանրամասն քննարկվել են նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ ականազերծման, կալանավորների և անհայտ կորածների ճակատագրի շուրջ։

Նախագահ Միշելն Ադրբեջանի համար ընդգծել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարևորությունը, ասվում է հայտարարության տեքստում:

«Մենք քննարկել ենք առաջընթացը սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի շուրջ և թե ինչպես լավագույն կերպով ապահովել կայուն իրավիճակ: Մենք պայմանավորվեցինք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ անդրադարձ է եղել տրանսպորտային կապերի ապաշրջափակման եղանակների վերաբերյալ քննարկումների առաջընթացին:

«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության:

Հանրային ուղերձներն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսում և հաշվի են առնում մյուս կողմում:

ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ ուժեղացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:

Մենք պայմանավորվել ենք այս ձևաչափով կրկին հանդիպել մինչև նոյեմբերի վերջ»,- ասվում է հայտարարության տեքստում:

Շառլ Միշելն ուրվագծել է յուրաքանչյուր կետի վերաբերյալ բանակցությունների էությունը։ Ներկայացնում ենք նրա տեքստն առանց կրճատման.

«Խաղաղության համաձայնագիրը

Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու համար և հանձնարարեցինք արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ տեքստի նախագծի վրա աշխատելու համար։

Հումանիտար հարցեր

Մանրամասն քննարկեցինք նաև հումանիտար հարցերը՝ ականազերծում, գերիներ և անհետ կորածների ճակատագիր։ Նախագահ Միշելն Ադրբեջանին ուղղված խոսքում ընդգծել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։

Սահմանային խնդիրներ

Մենք գնահատել ենք առաջընթացը սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև դիտարկել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացման տարբերակներ։ Մենք պայմանավորվել ենք, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։

Հաղորդակցություններ

Մենք քննարկել ենք տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մի շարք պայմաններ։ Այս բոլոր քննարկումների կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչության ներգրավումն ու նրանց նախապատրաստումը երկարաժամկետ, կայուն խաղաղության։

Հրապարակային հայտարարություններն այս առումով վճռորոշ են. նման զգայուն իրավիճակում բարձրաձայն հնչող յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսում և կշռադատում է մյուս կողմը: Եվրամիությունը պատրաստ է էլ ավելի մեծացնել իր աջակցությունը երկարաժամկետ, կայուն խաղաղության հաստատման ճանապարհին։ ԵՄ-ն նաև կշարունակի խթանել տնտեսական զարգացումը երկու երկրների բարգավաճման և նրանց բնակչության բարեկեցության համար»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031