Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի 4 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Օգոստոս 31,2022 20:25

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանք կանցկացվեն նաեւ Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքներում: Ընտրությունների արդյունքներով տեղի կունենա նաեւ համայնքների միավորում:

Լոռիում Ալավերդի համայնքի շուրջ կմիավորվեն՝ Օձուն, Ալավերդի, Ախթալա եւ Շնող համայնքները, Տաշիր համայնքի հետ կմիավորվեն՝ Սարչապետ եւ Մեծավան համայնքները: Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ կանցկացվեն Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներում:

Թեկնածուների գրանցումներն արդեն իսկ ավարտվել են, իսկ այսօր մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. «Ալավերդի համայնքում առաջադրվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Տաշիր համայնքում 2 քաղաքական ուժ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Միասնական համայնք» դաշինքը: Իսկ Գյուլագարակ եւ Լոռու բերդ համայնքներում առաջադրվել են երեքական քաղաքական ուժեր՝ «Ապրելու երկիրը», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն կուսակցությունը», իսկ «Հանուն ժողովրդի » դաշինքը՝ Գյուլագարակ համայնքում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը:

Այն հարցին, որ մարզի Գյուլագարակ համայնքից կան ահազանգեր, ավագանու անդամի թեկնածություն դրած մանկավարժներին տեղեկացրել են, որ իրենց աշխատանքից կազատեն, Խեչումյանն ասաց, որ իրենք նման ահազանգ չեն ստացել. «Ամեն ինչ ընթացել է օրենսդրությանը համապատասխան: Որեւէ արտառոց միջադեպեր կամ երեւույթներ տեղի չեն ունեցել:Համենայն դեպս ես այդպիսի տեղեկություն չունեմ, բայց կարող եմ նշել, որ այս պահին որեւէ լարվածություն եւ ճնշում չի եղել»:

Այն հարցին, որ բնակիչներից լինում են նաեւ բացասական կարծիքներ կապված միավորման հետ, Խեչիկյան ասաց, որ իրենք հիմնականում դրական արձագանքներ են ստացել. «Եղել են հանդիպումներ նաեւ նախարարության մեր գործընկերների հետ կազմակերպվել են հանրային լսումներ: Երբ որ ռեֆորմ է լինում, այն ինքնին աժիոտաժ է առաջացնում: Բայց բնակչության զգալի մեծամասնությունը խոշորացման գործընթացին դեմ չէ: Կողմ են, որովհետեւ բոլորը տեսել են համայնքների խոշորացման արդյունավետությունը: Մեծ հաշվով բնակչության կողմից հակադրվող մասսան քիչ է»:

Լոռու մարզն այս պահին ունի 16 համայնք, որից 15-ը բազմաբնակավայր միավորված համայնքներ են: Միավորման գործընթացից դուրս է մնացել միայն Ֆիոլետովո համայնքը, հաշվի առնելով ազգային փոքրամասնություն լինելու հանգամանքը: Իսկ սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո մարզում կունենանք արդեն 11 համայնք:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031