Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի թիկնապահները բացառել են, որ նա այցելել է կազինո ու 100 մլն դոլար կրվել. «Բացառել են, որ անգամ 100 դոլար ՀՀ նախագահը կազինոներում այցելած ու պարտված լինի»

Օգոստոս 31,2022 18:40

Այսօր Երեւանի քաղաքացիական դատարանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստն էր՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն  Բադեն-Բադենում․․․ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին,   կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Սերժ Սարգսյանի հայցի պահանջն է, որ Սուքիասյանը ԱԺ նիստում 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհնարինության դեպքում` ԱԺ հերթական նիստում, հերքի Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադենում 100 մլն դոլարից ավելի գումար պարտվելու մասին իր նախկին հայտարարությունը, ընդ որում` առանց սեփական որևէ մեկնաբանություն ավելացնելու։ Բացի այդ, պահանջում են, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ–ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում` դարձյալ առանց որևէ սեփական մեկնաբանության։ Հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ` որպես զրպարտության փոխհատուցում եւ խոստանում են գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Այսօր դատական նիստում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դատավորին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Սերժ Սարգսյանի մասին վարույթի նյութերը՝ 28 թերթ, քրգործի վարույթը կարճելու մասին որոշումը: Անցյալ տարի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ժամանակ ունեցած գործուղումների մասին հրապարակում էր ունեցել, ըստ որի Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին մեկնել էր Բադեն-Բադեն, որը տեղեկատվական բում առաջացրեց: Հրապարակումից հետո վարույթ էր հարուցվել, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները ստուգելու համար ու, ըստ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի, ամբողջությամբ հերքվել. «Ամենայն մանրամասնությամբ նկարագրված են բոլոր թիկնապահների ցուցմունքները, որոնք ՀՀ երրորդ նախագահին ուղեկցել են այդ հանգստի ժամանակ, որոնք բացառել են հնարավորությունը, այդպիսի հանգամանքը ու այն փաստը, որ ՀՀ երրորդ նախագահը Բադեն-Բադենում գտնվելու ժամանակահատվածում այցելել է կազինոներ: Թիկնապահները բացառել են նաեւ, որ հնարավոր է պետական օդանավով գումար տեղափոխել ՀՀ-ից ու որ այդպիսի փաստ ընդհանրապես եղել է: Այս քրգործով չի ապացուցվել, որ ՀՀ երրորդ նախագահը ընդհանրապես այցելել է կազինո ու ոչ թե 100 մլն դոլար, ինչպես նշել էր Խաչատուր Սուքիասյանը, այլ անգամ 100 դոլար ՀՀ նախագահը կազինոներում այցելած ու պարտված լինի»:

Մակինյանը Խաչատուր Սուքիասյանի ցուցմունքից հատված կարդաց: Երբ քննիչն ուղիղ հարց է ուղղել՝ կոնկրետ ի՞նչ տեղեկություններ են ձեզ հայտնի ՀՀ նախագահի կողմից Բադեն-Բադենի խաղատներում հիշյալ գումարի ծախսման, գումարի տեղափոխման կամ փոխանցման հանգամանքների մասին, կարո՞ղ եք ներկայացնել ձեր հայտարարությունը հիմնավորող կոնկրետ փաստական տվյալ՝ նա պատասխանել է. «Հիշյալ հայտարարությունից հետո լրագրողների հետ իմ ունեցած ճեպազրույցի ընթացքում ես պարզաբանում եմ տվել՝ ասելով, որ ես այդ ամենը, ըստ էության  լսել եմ ՀՀ-ում եւ արտերկրում գտնվող իմ մտերիմներից, ովքեր մտահոգված են եղել ՀՀ-ով, Հայաստանի ապագայով եւ ովքեր պատմել են Սերժ Սարգսյանի՝ խաղատուն այցելելու եւ տանուլ տված մոտավոր գումարի չափի մասին; Այսինքն, այդ ամենը ես մոտավոր խոսակցությունից եմ լսել, սակայն թե կոնկրետ ումից՝ այս պահին չեմ կարող մտաբերել ու ասել»:

Մակինյանը, մեջբերելով Սուքիասյանի ցուցմունքը՝ ասաց, որ պատասխանողը կոնկրետ փաստական տվյալներ չի ասում ու չի էլ ուղղորդում: Սուքիասյանն ասել է, որ իր տեղեկությունները միայն ծանոթներից է լսել ու թե ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանել իրականությանը, չի կարող ասել:

Սերժ Սարգսյանի փաստաբանի դիտարկմամբ՝. «Այս ապացույցները արդեն լուծել են այս գործը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031