2022 թ.-ի սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Ձորագյուղի հիմնական դպրոցի աշակերտները վերադառնալու են վերանորոգված և գեղեցիկ ձևավորված դասասենյակներ՝ «Դեպի Հայք» (Birthright Armenia) և «Հայ կամավորների միություն» (AVC) կազմակերպությունների՝ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված համայնքային զարգացման ծրագրի շնորհիվ: Այս տարվա հունիսից՝ յուրաքանչյուր ուրբաթ Ֆրանսիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Կանադայից և Էստոնիայից ժամանած 13-18 սփյուռքահայ երիտասարդներ՝ Վանաձորից ուղևորվում էին Ձորագյուղ՝ հմուտ մասնագետների օգնությամբ՝ դպրոցի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: Համայնքի բնակչությունն էլ իր հերթին էր նպաստում կամավորների աշխատանքին՝ ամեն ուրբաթ նրանց հյուրընկալելով իրենց օջախներում: Դպրոցի տնօրեն տիկին Գրիգորյանի խոսքերով՝ սկզբում մի փոքր անհանգստացած էր, թե տարբեր երկրներից երիտասարդներն արդյոք կարող են վերանորոգման աշխատանքներ կատարել, բայց շուտով համոզվեց, որ պատրաստակամ են և ընդունակ: «Սա նաև լավ օրինակ է մեր երիտասարդների համար, որ կամավորները՝ տարբեր երկրներից կարող են մեծ ուրախությամբ վերանորոգում կատարել դպրոցի համար»:
Դե իսկ կամավորներն իրենց աշխատանքի մասին ասում են. «Ես ցանկանում էի օգտակար լինել: Ես գիտեի, որ արձակուրդի չեմ գալիս, այլ աշխատելու: Սկզբում մի քիչ վախենում էի, քանի որ Վանաձորի մասին քիչ բան գիտեի, բայց հիմա հպարտ եմ, որ այստեղ եկա»,- ասում է Սիրիայում ծնված և Ֆրանսիայում բնակվող 24-ամյա Մարիա Զենհեյանը: «Հաճելի է այն գիտակցումը, որ մեր այս աշխատանքով կրթության զարգացմանն ենք նպաստում: Վանաձորում և շրջակա տարածքներում շատ կան կարևոր նախաձեռնություններ և շատ աշխատանք կա կատարելու»,- ասում է «Դեպի Հայք» հիմնադրամի 28- ամյա կամավոր Քևին Մերտինեանն Արգենտինայից:
«Դեպի Հայք» հիմնադրամը և «Հայ կամավորների միություն»-ը 2003 թ.-ից գործում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում և մինչ օրս դրանց միջոցով Հայաստան կամավորելու են եկել ավելի քան 3500 մասնակից աշխարհի տարբեր անկյուններից, որոնց 13 տոկոսը երկարատև բնակություն են հաստատել Հայաստանում, զբաղվում են հանրօգուտ աշխատանքով. հիմնադրել են հասարակական կազմակերպություններ, բիզնեսներ: Նշված երկու ծրագրերը «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի կողմից Հայաստանում ֆինանսավորվող 4 հասարակական կազմակերպություններից են, որոնք կամավորական ծրագրեր են իրականացնում տարբեր տարիքի թիրախային խմբերի սփյուռքահայերի և արտերկրացիների համար՝ Հայաստանում գործող ավելի քան 1300 պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը 4 շաբաթ տևողությամբ կամավորություն:
Կարդացեք նաև
Հայ կամավորների միությունը առնվազն 1 ամիս և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ:
«Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամ