ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկի մոտակայքում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա նույն քաղաքի 1989թ. ծնված բնակիչ է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 26-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչն իր «MITSUBISHI PAJERO» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է վերոհիշյալ սուպերմարկետի աստիճանահարթակին՝ խոչընդոտելով սուպերմարկետի բնականոն աշխատանքը: Այդ ընթացքում հիշյալ 40-ամյա տղամարդու կողմից իրեն դիտողության արժանացնելու՝ չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական մղումներով, անհիմն վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե